Հրաժարականներ՝ ինտրիգային պատմությամբ

Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների մեղադրանքները դատարանում պաշտպանող դատախազներն աշխատանքից ազատման դիմումներ են գրել ու հեռացել համակարգից։ Պաշտոնապես այս հրաժարականների մասին ոչինչ չի հայտնվում՝ ոչ դրանց հեղինակների և ոչ էլ՝ դատախազության կողմից:
Մի բան ակնհայտ է՝ երեք բարձրաստիճան դատախազների միաժամանակյա հրաժարականները չեն կարող պատահականություն լինել, մանավանդ, որ նրանց գործունեությունը կապված է եղել երկրորդ և երրորդ նախագահների հետ կապված քրեական գործերի հետ:
Ըստ այդմ, քննարկելի է երկու վարկած:
Ըստ առաջին վարկածի, դատախազները վերադասի կողմից «պատժվել» են, որովհետև նախկին նախագահների նկատմամբ «մեղմ» մոտեցում են ունեցել:
Մյուս վարկածը ենթադրում է, որ նոր գլխավոր դատախազը «հատուկ եռանդ» է ցուցաբերում Քոչարյանի և Սարգսյանի գործերում, ու դատախազները հեռացել են՝ անհամաձայնություն ունենալով «նոր կուրսի» հետ:
Ամեն դեպքում, տեղի ունեցած հրաժարականները վկայում են դատաիրավական համակարգում առկա ինստիտուցիոնալ ճգնաժամի, բարեփոխումների բացակայության մասին:
Մյուս կողմից, երկու աղմկահարույց գործերում նոր դատախազների ներգրավումը միայն ավելի ձգձգելու է դատական այդ գործընթացները՝ ավելի խորացնելով արդարադատության նկատմամբ հանրային վստահության ճգնաժամը:
Վահրամ Բագրատյան