Աֆրիկացի միգրանտներ էլ կունենա՞նք. ԱԳՆ-ն պարզաբանում է

MediaHub-ը գրել էր, որ Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել Հայաստանի, Կոտ Դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ Ռուանդայի սխեմայով նրանց անօրինական միգրանտներ ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին գրել է The Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության փաստաթղթերին, որոնք հասանելի են դարձել արտահոսքի պատճառով։
Միացյալ Թագավորությունը դիտարկել է մոտ մեկ տասնյակ երկրներ, որոնց հետ պետք է սկսել նմանատիպ բանակցություններ: Լոնդոնն արդեն դիմել է Պարագվային, Էկվադորին, Պերուին, Բրազիլիային և Կոլումբիային, սակայն այս երկրներն ավելի քիչ են շահագրգռված նման գործարքով։ Եւ հիմա Մեծ Բրիտանիան փորձում է այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ նման բանակցություններ վարել, որ իր երկրի ապօրինի միգրանտներին ուղարկի Հայաստան, ինչը կարող է մեզ համար շատ վտանգավոր և խնդրահայույց լինել։
Հոդվածում նաև նշված է, որ Հայաստանի կառավարության հետ տեխնիկական բանակցությունները սկսել են սեպտեմբերին, սակայն առաջընթաց այս պահին չկա՝ գործընթացը կանգ է առել։
MediaHub-ը դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանին՝ ճշտելու, թե որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները և արդյոք Հայաստանը բանակցո՞ւմ է այս թեմայով Միացյալ Թագավորության հետ։
Ի պատասխան՝ ԱԳՆ խոսնակն ասաց․ «Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ունեն քաղաքական լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»։
ԱԳՆ-ի այս պատասխանը տարակուսելի է, որովհետև The Times-ի հոդվածում նշված է, որ Հայաստանի կառավարության հետ տեխնիկական բանակցությունները սկսել են սեպտեմբերին, մինչդեռ մեր ԱԳՆ-ն ասում է՝ նման բանակցություններ չեն եղել։
ԱԳՆ-ից, սակայն, պնդեցին նույն պատասխանը, այն է՝ ՀՀ-ի և ՄԹ-ի միջև այս հարցով բանակցություններ չեն եղել։
Վահե Մակարյան