Ո՞ւր է անհետացել «Արցախբանկի» Արտակը, և ո՞ւր են արցախցիների փողերը

Օրերս մի խումբ արցախցիներ բողոքի խաղաղ ակցիա են իրականացրել «Արցախբանկ» ՓԲԸ կենտրոնական գլխամասի շենքի դիմաց, որի նպատակն, ըստ մասնակիցների՝ բանկի աշխատանքը խաթարելը չէր։ Նրանք պարզաբանում էին խնդրում, թե ո՞ւր են ուղղվում այն գումարները, որը վաստակում է «Արցախբանկը»։
«Պատճառը պարզ է. «Արցախբանկ» ընկերության սեփականատերերից է հանդիսանում Արցախի ներդրումային հիմնադրամը, իսկ բանկի հիմնադիրը Արցախի կառավարությունն է, որն ունի 45,2 տոկոս բաժնեմաս։ Եվ եթե կառավարությունը լուծարված է համարվում, ժողովուրդը համարում է, որ այդ գումարները պատկանում է իրեն և այս համատեքստում նրանք ուզում են իմանալ, թե որտե՞ղ են ուղղվում այդ գումարները և հարցի շուրջ թափանցիկություն են պահանջում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ մարդկանց դժգոհությունը կապված է մի շարք հանգամանքների հետ։ Նրանք ունեն հստակ տեղեկություններ՝ համապատասխան փաստաթղթերով, որ «Արցախբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն-վարչության նախագահ Արտակ Բալայանն իրականացրել է բազմաթիվ չարաշահումներ։
«Ակցիայի մասնակիցների մոտ առկա փաստաթղթերից ակնհայտ երևում է, որ 2020-ի նոյեմբերի 26-ին, այսինքն 44-օրյա պատերազմից անմիջապես հետո կնքվել է կոշտ պայմանագիր, որի հիման վրա «Ջեներալ էներջի» տնօրեն Յուրի Բարսեղյանը «Արցախբանկ»-ից ստացել է 1 մլն 400 հազար ԱՄՆ դոլար։ Համաձայն պայմանագրի՝ գրավադրվել է Արցախի արդեն իսկ օկուպացված տարածքում գտնվող ՀԷԿ-ի գույքը։ Բոլորը գիտեն, որ «Ջեներալ Էներջի» ընկերությունը պատկանում է Արտակ Բալայանին, սակայն գրանցված է նրա կնոջ հոր անունով։ Այսինքն՝ 1 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլարն աներոջ կազմակերպությանը տրամադրվելու օրվա դրությամբ այդ ՀԷԿ-ի տարածքը գտնվում էր Ադրբեջանի վերահսկողության տակ»,- նշում է փաստաբանը` ընդգծելով, որ վարկի հայտը բավարարվել է դրանից օրեր առաջ։ Հովհաննիսյանը չի բացառում, որ վարկի ձևակերպումը բավարարված լինի այն ժամանակ, երբ հայրենիքի պաշտպանության համար դեռ թեժ մարտեր էին ընթանում։
«Դրանից հետո Արցախի կառավարությունն ի դեմս ներդրումային հիմնադրամի՝ իր վրա է վերցրել «Ջեներալ էներջի» ընկերության պարտավորությունը։ Ստացվում է, որ մեր հայրենակիցների մեծ մասը չեն ստացել իրենց նպաստները, հաշմանդամության վճարներն ու այլ բազմաթիվ պարտավորություններ։ Հասարակության դժգոհությունն արդարացի է։ Նրանք կարծում են, որ իրենց գումարները գողացվել է, քանի որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք չեն ստացել իրենց թոշակները, բազմազավակության խթանման, հաշմանդամության նպաստներն ու սոցիալական վճարները»,- նշեց փաստաբանը։
Ակցիայի մասնակիցներից մեկը MediaHub-ին փախանցեց, որ Արտակ Բալայանի «ձեռամբ» միլիարդներ են անհետացել, որի գլխավոր շահառուներից մեկը հենց ինքն է։
«Մենք հանդիպում ենք պահանջել Բալայանի հետ, սակայն, աշխատակիցներն ասել են, թե՝ «նա երկրում չէ, իսկ պարզաբանումներ ստանալու համար գրավոր դիմում գրեք՝ պատասխանը չի ուշանա»։ Իսկ այդ պատասխանը մեր ձեռքի տակ է։ Մենք հստակ տեղեկություններ ունենք, թե ով և ովքեր են տիրացել մեր գումարներն, մեզ թողել անտեր վիճակում»,- հավելեց Մարտունու շրջանի բնակիչը։
Նա նաև տեղեկացրեց, որ բացահայտումների թելն արդեն բռնել են և չարաշահումների բացահայտման մասով՝ գործուն քայլեր են ձեռնարկելու։
Հունան Թադևոսյան