Ժողովրդավարությո՞ւն․ դա իմիտացիա է
Նիկոլ Փաշինյանը պատեհ-անպատեհ սիրում է ասել, թե ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է։
Այս հավակնոտ հայտարարությունն ինքնին վիճահարույց է մանավանդ, երբ փորձ է արվում՝ որպես հաղթաթուղթ, օգտագործել արտաքին հարաբերություններում։ 44-օրյա պատերազմի ընթացում համոզվեցինք, որ Հայաստանի այդ պայմանական «ապրանքը»՝ ժողովրդավարությունն արտաքին գնորդներ չունի։
Սակայն գանք բովանդակությանը։
Հայաստանը բոլոր չափանիշներով շատ հեռու է ժողովրդավարությունից։ Մեր երկրում տիպիկ անձնակենտրոն համակարգ է, երբ գործադիր, օրենսդիր իշխանությունները փաստացի գտնվում են ոչ թե սահմանադրականության ռեժիմում, այլ մեկ մարդու՝ վարչապետի կամայական քմահաճույքների տիրույթում։ Էլ չեմ ասում այն տոտալ գրոհի մասին, որ սկսվել է ՏԻՄ-երի, դատական իշխանության դեմ։ «Ժողովրդավարական» Հայաստանում դատավորներին ահաբեկում են, տարբեր ձևերով խոչընդոտում են անգամ նրանց ժողովի անցկացմանը, որովհետև գործադիր իշխանությունը կանխատեսում էր, որ այդ ժողովը կարող է գործադիր իշխանության համար անհաճո որոշումներ կայացնել։
Ժողովրդավարական երկրներում խորհրդարանն այն մարմինն է, որտեղ ակտիվ քաղաքական դիսկուրս է կայանում, հանրային տրամադրությունները բերվում են օրենսդիր մարմին, դառնում են օրենքներ կամ բուռն քաղաքական քննարկումների թեմա։
Իհարկե, խորհրդարանական բոլոր մեծամասնություններն էլ դժվարությամբ են համաձայնում ընդունել ընդդիմության առաջարկությունները, որովհետև համարում են, որ հասարակության մեծամասնությունը քվե է տվել իրենց կառավարության ծրագրին, որի կյանքի կոչմանն էլ ուղղված են իրենց քաղաքական թիմի ջանքերը։ Բայց ժողովրդավարական աշխարհի ոչ մի երկրում մեծամասնությունը չի խորշում քննարկել ընդդիմության նախաձեռնությունները, որովհետև եթե անգամ դրանք մերժվում են, ապա տեղի է ունենում ոչ թե մեխանիկական քվեարկությամբ, այլ՝ փաստարկների դաշտում։
Երեկ Հայաստանի ԱԺ-ն մերժեց լիագումար նիստի օրակարգում ներառել խորհրդարանական ընդդիմության վեց օրենսդրական փաթեթ, որոնք վերաբերում էին սոցիալական, տնտեսական, արտաքին քաղաքական հարցերին։ Կրկնում եմ՝ մերժեց դրանց ոչ թե բովանդակային կողմը, այլ քննարկումն՝ առհասարակ։ Այ, այսպիսի «մենթալիտետային ժողովրդավարություն» է Հայաստանում։
Վահրամ Բագրատյան