Ուզում եմ՝ մեր վրայից թոթափենք ատելությունը․ Արշակյանը՝ Թուրքիա օգնություն ուղարկելու մասին

ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշեց, որ ատելության մասին է խոսելու։ 

«Ականատես եղանք պատմության մեջ ամենաահավոր իրողություններից մեկին՝ մեծամաշտաբ երկրաշարժին Թուրքիայի և Սիրիայի տարածքում: Մեր հասարակության շրջանում, իհարկե, մեծ քննարկումներ եղան՝ մի մասով հրահրված, մի մասով ապատեղեկացված, մի մասով հենց օբյեկտիվորեն, թե արդյո՞ք ՀՀ-ն պետք է հումանիտար առաքելություն ուղարկեր Թուրքիա և արդյո՞ք պետք է հենց այս դիրքից հանդես գար որպես մարդասիրական քայլ։ Քավ լիցի, մենք որևէ պատմական իրողություն, որևէ հանցանք չենք մոռացել, ամեն ինչին ծանոթ ենք, ամեն ինչից տեղյակ ենք։ Մեր իշխանության օրոք է ԱՄՆ-ն ճանաչել է ցեղասպանությունը, մեր գործողությունները ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել»,-ընդգծեց Արշակյանը։ 

Նրա խոսքով՝ պատերազմի մեջ պետք է մտնել կռվելով, ոչ թե ատելով։ Ըստ նրա՝ պատերազմներ են լինում, սակայն կողմերը նստում և բանակցում են միմյանց հետ, հարևանություն են անում իրար հետ։

«Ատելությունը կառավարման և ստրկացման լավագույն միջոցն է։ Եթե դուք ատում եք որևէ մեկին, ապա դուք կառավարելի եք, ովքեր մղում են ձեզ ատելության, նրանք ուզում են ձեր աչքերը փակել և ատելությունն օգտագործել այլ նպատակով։ Ուզում եմ, որ մեր վրայից թոթափենք ատելության, նախանձի մոտեցումները և գնանք և աշխատենք մեզ վրա։ Ես դրանով եմ առաջնորդվում ամեն օր, այդպես եմ դաստիարակում իմ երեխաներին, ընկերներիս հետ եմ դրա մասին խոսում »,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: