«Արցախ 2» օպերացիան շարունակվում է Հայաստանում․ անհապաղ ազգային իշխանություն պետք է ձևավորվի

«Արցախ 2» օպերացիան շարունակվում է Հայաստանում․ անհապաղ ազգային իշխանություն պետք է ձևավորվի

«Ալիև-Փաշինյան զույգի «Արցախ 2» օպերացիան շարունակվում է Հայաստանում։ Մենք, ցավոք սրտի, չունենք հայրենիքը սիրող առաջնորդ, առողջ դիվանագիտություն, արտաքին քաղաքական հարաբերությունները գտնվում են ցածր մակարդակի վրա, ով վեր է կենում՝ տեղից տշում է մեզ, իսկ երկրի ներսում դեռ ամեն ինչ այսքան անորոշ չի եղել։ Մարդ սիրտ չի անում իր տանը մի բան ավելացնի»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է սյունեցի նախկին զինվորական Ստեփան Խաչատրյանը։ 

Սահմանամերձ գյուղի բնակիչը զարմանում է, երբ հարցնում ենք սպասված խաղաղության, կառավարության խոստացած «Խաղաղության խաչմերուկի» ու ապագայի մասին։

«Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Եթե խաղաղության բացատրությունն այն է, որ հանրապետության պետականությունը դրված է ձևականության վրա, իսկ ադրբեջանական կողմը 300-400 հազար մարդ պետք է բնակեցնի Հայաստանում, պարզ է, որ հետո էլ կհայտարարեն, թե՝ «էդ մարդկանց անվտանգության երաշխիքներ են պետք ու մենք ռազմական ներկայություն ենք ակնկալում», ապա պետք է հրաժարվենք մեր ազգային ինքնությունից։ Այդպիսի խաղաղություն այսօր էլ կարող ենք ստանալ, դա ամենահեշտն է»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Պահեստազորի զինվորականը «Սիսական» ջոկատի կազմում մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։ Այսօր էլ ոգին ու կամքը տեղն է, միայն թե Արցախի հայաթափումը չտեսներ։

«Այն խաղաղությունը, որը տարածաշրջանին կբերի կայունություն և ուժերի հավասարակշռություն, դրան պետք են ավելի առարկայական քայլեր, որը կբերի նրան, որ Ադրբեջանը հասկանա, որ հարձակման դեպքում Հայաստանի բանակն արժանի հակահարված ցույց կտա։ Իսկ Փաշինյանի առաջարկած խաղաղությունը ենթադրում է Հայաստանի պետականության թուլացում։ Ազգային իշխանություն պետք է ձևավորվի, որ առաջ տանի Հայաստանի շահը։ Եթե մենք մեր դիրքերից հանդես գանք, միանշանակ դաշնակիցներ ու օգնողներ կունենանք։ Ի վերջո, մենք այն ազգն ենք, որ ցեղասպանությունից 3 տարի հետո հիմք ենք դրել առաջին հանրապետության»,- եզրափակեց ազատամարտիկը։

Հունան Թադևոսյան