Որ գործով է ԱԱԾ-ում հարցաքննվել Բալասանյանը, Փաշինյանն ինքն է հիմա մսխում պետության գումարները. Մամուլը՝ սուրճով

Որ գործով է ԱԱԾ-ում հարցաքննվել Բալասանյանը, Փաշինյանն ինքն է հիմա մսխում պետության գումարները. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ քրեական գործով է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննվել:

Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վիտալի Բալասանյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:

Ասլանյանին մեղադրում են հրազենի եւ ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար. նա 5 ամիս է՝ կալանքի տակ է, եւ գտնվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: Հիմա էլ քննիչները լսում են Վիտալի Բալասանյանին:

«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանը պատրաստվում է ՕՊԵԿ-ից 50 մլն եվրոյի վարկ վերցնել՝ ավելացնելով Հայաստանի օր-օրի աճող պետական պարտքը։ ՕՊԵԿ-ը նավթ արտադրող երկրների կազմակերպությունն է։ Վարկը Հայաստանին տրամադրվում է «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» անվան ներքո, սակայն նույն որոշման նախագծում նշվում է, որ «Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար, վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»։

Սա հերթական դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը ճառում է Հայաստանի բյուջեն աննախադեպ ծավալներով մեծացնելու մասին, սակայն իրականում բյուջեով նախատեսված միջոցառումները չեն կատարվում պակասուրդի պատճառով, ուստի Հայաստանը վարկ է վերցնում ու ավելացնում պետական պարտքը, որն արդեն վաղուց հատել է 10 միլիարդ դոլարի շեմը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը սկսել է մի շարք, որում պարբերաբար անդրադառնում է պետական պաշտոնյաներին, երկրի առաջին դեմքերին սպասարկող մեքենաների ծախսած բենզինի եւ դրա հավելյալ պահանջված քանակին ու հիմնավորմանը:

Արդեն անդրադարձել ենք ԱԺ հանձնաժողովների նախագահներին եւ ԱԺ փոխնախագահներին սպասարկող մեքենաներին եւ դրանց հավելյալ տրամադրվող բենզինի քանակությանը: «Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ պարզելու, թե վերջին մեկ տարում որքան բենզին է ծախսել ՀՀ վարչապետին սպասարկող ավտոմեքենան:

Հարցրել էինք՝ քանի մեքենա է սպասարկում Փաշինյանին, եւ, ըստ մեքենաների, խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն, թե որքան դիզվառելիք է ծախսվել նրան սպասարկող բոլոր ավտոմեքենաների կողմից: Նաեւ խնդրել էինք հավելել՝ որքան բենզին է հավելյալ տրամադրվել վերը նշված բոլոր սպասարկող մեքենաներին եւ ինչ անհրաժեշտությամբ: Բավականին օպերատիվ կերպով վարչապետի աշխատակազմից մեր հարցումը վերահասցեագրեցին Պետական պահպանության ծառայություն:

Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթին ՊՊԾ պետի պարտականությունները կատարող Արթուր Գասպարյանի ստորագրությամբ ուղարկվեց փաստաթուղթ, որում, մասնավորապես, ասվում է. ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների եւ միջոցների կիրառման համակցության սկզբունքներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է՝ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Հայցվող տեղեկությունը, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ եւ 12-րդ հոդվածների համաձայն, ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, որի համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման կազմակերպման ձեւերի եւ մեթոդների, ինչպես նաեւ նրանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման համար օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում պետության կողմից անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռք բերման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները հույժ գաղտնի են, ուստի եւ, նույն օրենքի համաձայն, դասվում են պետական գաղտնիքի շարքին:

Ելնելով վերոգրյալից՝ ներկայացված հարցերի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ»: Այս երկարաշունչ պատասխանը ենթադրում է մեկ բան՝ ՀՀ վարչապետին սպասարկող մեքենաների եւ դրանց վերաբերյալ տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չէ: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի մահաբեր կորտեժը ոչ միայն երեւանյան ու առհասարակ հայաստանյան երթեւեկությունն է կաթվածահար անում, այլեւ իր գոյությամբ արդեն համարվում է պետական գաղտնիք:

Իսկ մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանն ինքն էր քննադատում «պադավատապետությունը», պետության հաշվին ծախսված գումարների անարդյունավետությունը. հիմա նա անձամբ է վատ օրինակ ծառայում:

«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ, գործընթաց է սկսել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լեգիտիմության վերաբերյալ։ Մինասյանի համոզմամբ՝ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել է, բայց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ուզում է ձգել, ինչն օրենքի, Սահմանադրության խախտում է: Մինասյանը երեկ  գրավոր դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ակնկալելով, որ նա՝ որպես օրենսդիր մարմնի բնականոն գործունեության երաշխավոր, կարձանագրի այս փաստը եւ հանդես կգա ապօրինի գործող հանձնաժողովի լիազորությունների դադարեցման մասին հայտարարությամբ:

Հակառակ դեպքում, Մինասյանն ասում է, այս հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, իրենք դիմում կներկայացնեն իրավապահներին, քանի որ, Մինասյանի բնորոշմամբ, Քոչարյանը «քրեաիրավական հետեւանքներ ունեցող գործողություն է թույլ տվել՝ լիազորությունների անցում, չարաշահում, իրավասու մարմինը թող քննի՝ դրա շահագրգռվածությունը եղել է նյութակա՞ն, խմբակայի՞ն, թե՞ այլ»։

Վկայակոչելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը՝ Մինասյանը պնդում է, որ 2023 թ. օգոստոսի 11-ից հետո ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովն այլեւս չունի լիազորություններ։ Անդրանիկ Քոչարյանն իրենց խմբակցության հարցմանը գրավոր պատասխանել է` ժամկետի երկարաձգումը հիմնավորելով այսպես. «2 տարի շարունակ, ամեն տարի 1 ամսով հանձնաժողովի անդամ պատգամավորներն արձակուրդի մեջ են եղել, հետեւաբար` հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվում է»։

«Այս հիմնավորումն ապօրինի է, որեւէ մարմնի, որեւէ պաշտոնատար անձի իրավունք չկա վերապահված, որ իր արձակուրդում գտնվելն իր լիազորությունների ժամկետը երկարաձգելու հիմք դարձնի։ Այդպես լինի՝ ԱԺ-ն պետք է ասի՝ ես ոչ թե 5 տարով եմ, այլ՝ հինգուկես, որովհետեւ ամեն տարի մեկուկես ամիս արձակուրդ եմ գնում»,- նկատում է Մինասյանը։