Զելենսկին Փաշինյանի հետքերո՞վ

Զելենսկին Փաշինյանի հետքերո՞վ

«Երբ ես Նախագահ էի դառնում, ես ասել եմ, որ մեզնից յուրաքանչյուրը նախագահ է: Քանի որ մենք բոլորս պատասխանատու ենք մեր պետության համար, մեր հիանալի Ուկրաինայի համար: Իսկ հիմա այնպես է պատահել, որ մեզնից յուրաքանչյուրը մարտիկ է, մարտիկ իր տեղում: Եվ ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը կհաղթի», – երեկ նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ուղերձով դիմելով ժողովրդին:


Իհարկե, Զելենսկու պաթոսը ողջունելի է, մանավանդ, եթե դրանով նա կարողանում է կոնսոլիդացնել սեփական հասարակությանը։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ուկրաինայի նախագահի շուրթերից լսում ենք նախադասություններ, որոնք այնքան հայտնի են մեր ժողովրդին։


Զելենսկին ասում է այն, ինչը Նիկոլ Փաշինյանի պարագայում մեզ հայտնի է՝ որպես «երեք միլիոն վարչապետի» պոպուլիստական կարգախոս։ Հետո՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Փաշինյանն էլ դարձավ սովորական մի մարտիկ, սակայն ոչ թե նրա համար, որ այդ կարգավիճակում էր պատկերացնում իրեն, այլ փորձում էր գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունն իջեցնել «մի մարտիկի» պատասխանատվության մակարդակին։ Փորձում էր ապահովագրել իրեն հնարավոր պարտությունից, դրա պատասխանատվությունից։


Արդյո՞ք Զելենսկին գնում է այն ճանապարհով՝ դժվար է ասել ու չենք էլ ուզում ենթադրություններ անել։


Բայց այս երկու գործիչների նմանությունները չափազանց շատ են։


Փաշինյանը շանս ուներ 2019-2020թթ-ին ընդունել, այսպես կոչված, Լավրովի պլանը ու Հայաստանը զերծ պահել մահաբեր ու կորստաբեր պատերազմից։


Կարգավորման որևէ տարբերակ իդեալական չէ, սակայն շատ ավելի նախընտրելի է, քան` պատերազմը, մանավանդ, որ երկրիդ ռեսուրսները դրա ելքի վերաբերյալ լավատեսական կանխատեսման հիմքեր չեն ստեղծում։


Բայց «Տիգրան Մեծի» հավակնություններ ունեցող Փաշինյանի պրիմիտիվ մտածողությամբ` հեղափոխությունը այն բրենդն էր, որը նա կարող էր «վաճառել» արտաքին աշխարհի վրա` կարգավորման գործընթացի սառեցման կամ այն կլոունադայի վերածելու հարցում դաշնակիցներ ունենալու նպատակով։


Պատերազմը մեր դուռը եկավ ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմատենչության, միջազգային լռելյայն կոնսենսուսի, այլ նաև ու գուցե առաջին հերթին` Փաշինյանի ոչ ադեկվատ քաղաքականության հետևանքով։


Ուկրաինայից հազարավոր կիլոմետրեր հեռու գիտակցում էինք, որ ուկրաինական ճգնաժամի հաղթահարման միակ բանալին Մինսկի պայմանավորվածություններն են` որքան էլ դրանք ծանր ու դժվար լինեն Ուկրաինայի համար։


Այդ մասին Զելենսկուն քանիցս զգուշացրել են արևմտյան առաջնորդներն ու Մոսկվան։


Մինսկի պայմանավորվածությունները գուցե որոշակիորեն կաշկանդում էին Ուկրաինայի արտաքին քաղաքականության հնարավորությունները, սակայն պահպանվում էին այս երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սուբեկտությունը։


Զելենսկին նախընտրեց տոտալ հակադրության ճանապարհը` թեև որևէ մեկը նրան չէր երաշխավորել անդամակցություն ՆԱՏՕ-ին։


Ուկրաինան այսօր ապրում է պետականության ճգնաժամ, որը կարող է հաղթահարվել, եթե գոնե հիմա Զելենսկին հրաժարվի պատրանքներից ու պոպուլիզմից։

 

Վահրամ Բագրատյան