Ես միլիոնատերերի մի տոկոսն էլ չունեմ, բայց, փառք Աստծո, կարողանում եմ ընտանիք պահել․ ինչո՞վ է զբաղվում ՔԿԾ նախկին պետը

Ես միլիոնատերերի մի տոկոսն էլ չունեմ, բայց, փառք Աստծո, կարողանում եմ ընտանիք պահել․ ինչո՞վ է զբաղվում ՔԿԾ նախկին պետը

Այս տարվա օգոստոսին Քրեակատարողական ծառության պետի պաշտոնից «անհասկանալի պատճառներով» ազատվեց Սերգեյ Ատոմյանը, որը մինչ այդ պատգամավոր էր ՔՊ-ից։ Դրանից հինգ ամիս անց միայն՝ ՔԿԾ պետ նշանակվեց Ամբակում Գրիգորյանը, որին Քրեակատարողական ծառայություն էր բերել հենց ինքը՝ Ատոմյանը։

Վերջինս մինչ օրս անգործ է, ավելի ճիշտ՝ որևէ պաշտոն չի զբաղեցնում, թեպետ՝ չէր հերքել, որ նոր պաշտոնի ակնկալիք ունի։ Mediahub-ի հարցին՝ ինչո՞վ է զբաղվում հիմա, Ատոմյանը պատասխանեց․  «Գյուղատնտեսությամբ»։

-Ինչպե՞ս ստացվեց, որ այդպես կտրուկ ոլորտային փոփոխություն կատարեցիք։
-Բա ի՞նչ անեմ, էդ էր իմ գործը նախկինում, դրանով էլ զբաղվում եմ։

-Գյուղատնտեսությունից եկաք կառավարություն, հետո նորից վերադարձաք ակունքների՞ն։
-Այո։

-Ինչո՞ւ։ Կառավարությունից, իշխանական թիմից, անձամբ Նիկոլ Փաշինյանից որևէ պաշտոն զբաղեցնելու առաջարկ չեղա՞վ Ձեզ։
-Էս պահին չեմ ուզում էդ մասին խոսել։

-Բայց ակնկալիք ունեիք, որքան հիշում եմ։
-Դե, հա, ունեմ, եթե էնպիսի բան առաջարկեն, որ իմ սրտով լինի, միգուցե վերադառնամ։ Էս պահին չեմ ուզում։

-Իսկ եղե՞լ է ինչ-որ բան, որ առաջարկել են, բայց Ձեր սրտով չի եղել։
-Այո, բայց չեմ ուզում խորանալ էդ մասով, անձնական է։

-Ինչ-որ նեղացվածությո՞ւն կա թիմից։
-Չէ, չէ, ընդհանրապես։

-Բայց բոլորին՝ արժան-անարժան, ինչպես ասում են, տեղավորեցին մի տեղ պաշտոնի, իսկ Դուք մնացիք։
-Տենց գնահատական չի կարելի տալ, ամեն մեկին ըստ արժանվույն գնահատում են ու իրեն համապատասխան տեղում տեղավորում են։

-Դե, որոշներին գնահատում են ըստ իշխանությանը մատուցած ծառայությունների, ոչ թե հայրենիքին կամ պետությանը։ 
-Դա Ձեր գնահատականն է, ես տենց չեմ կարծում։

-Իսկ Ձեր մասով ի՞նչը չգնահատեցին, որ չցանկացան Ձեզ որևէ տեղ նշանակել։
-Ինչ-որ պետք է, գնահատել են իմ մասով, եթե էնպիսի տեղ լինի, որ ինձ հարմար լինի, ես էլ կընդունեմ առաջարկը, կգնամ կաշխատեմ։

-Ամբակում Գրիգորյանը երկու օր առաջ նշանակվել է Ձեր տեղը՝ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնին։ Ի՞նչ կարծիքի եք այդ մասին։
-Մեծ կարծիքի եմ, շատ կարգին անձնավորություն է, լավ տղա է, շատ պրոֆեսիոնալ մասնագետ է, և շատ ուրախ եմ դրա համար։

-Ձեր մարզից է ծնունդով՝ Արարատի մարզից, դրա՞ համար եք այդպես գովասանքով խոսում նրա հասցեին։
-Դա ի՞նչ կապ ունի՝ ծնունդով որտեղից է, որ լիներ Լեննականից, էլի նույն ձևով կխոսեի։

-Պարզապես Ձեր մասին շատ էին գրում, որ Ձեր «զեմլյակներին» բերել տեղավորել եք ՔԿԾ-ում աշխատանքի, լավ եք նայում նրանց, հիմա նույնը այս դեպքում կարող է լինել։
-Դե, շատ բան էին գրում, բոլորին էլ տեղավորում էինք, եթե լավ մարդիկ էին լինում, աշխատանքի տեղավորում էինք։ Ամբակում Գրիգորյանին էլ էլի ես էի հրավիրել, որ գար մեզ մոտ, աշխատեր։

-Հիմա ինքը, փաստորեն, զբաղեցրեց Ձեր տեղը։
-Հա, ու շատ ուրախ եմ դրա համար։ Շատ մեծ ճանապարհ է անցել Ամբակում Գրիգորյանը, ու շատ գնահատելի է, որ իր այդ անցած ճանապարհն ու իր գիտելիքները գնահատեցին և տեղավորեցին աշխատանքի՝ որպես ՔԿԾ պետ։

-Ի դեպ, մամուլում իր մասով գրում էին, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից դիմադրություն կար, ինքը դեմ էր, որ հենց Ամբակում Գրիգորյանը նշանակվեր ՔԿԾ պետ։
-Մամուլում շատ բան են գրում, բայց ոչ բոլորն է համապատասխանում իրականությանը։ Մամուլում էնքան վերսիաներ գրեցին, թե ինձ ինչու են հանել, ես հերթով կարդում ու զարմանում էի, թե ոնց կարելի է էդքան հորինել ու գրել։ Եթե ես սկսեի մամուլի գրածների հետևից ընկնել, ամեն օր պիտի դատարանների դռներն ընկնեի ու դատի տայի։

-Ի վերջո, ինչո՞ւ Ձեզ ազատեցին, եթե մամուլը հորինել է, Դուք էլ ճիշտը ասեք։
-Ազատելու բան չկա, ես իմ կամքով ազատվել եմ։ 

-Այդտեղ արդեն ավելի շատ չեն հավատում պաշտոնյաներին, այլ ոչ թե մամուլին, որովհետև մի քիչ անհատավալի է, որ այդպես անակնկալ ձևով պաշտոնյան դիմում գրի հեռանա։
-Նորմալ է, էդպես չի, ես եմ ազատվել։ Եթե հետագայում տեսնեմ ավելի հետաքրքիր աշխատանք, կհրավիրեն՝ կաշխատեմ, եթե չէ՝ կզբաղվեմ իմ գործով։

-Ես հիշում եմ, որ մամուլը գրել էր, թե Դավիթ Տոնոյանի գործով եք ազատվել։
-Էնքան բան են գրել, մենակ Դավիթ Տոնոյանը չեն գրել։ Բայց ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից։

-Իսկ ձեր թիմակիցների հետ շփվո՞ւմ եք։
-Բոլորի հետ էլ շփվում եմ։

-Իսկ գյուղատնտեսությամբ հատկապես ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ եք աճեցնում։
-Օրինակ՝ ջերմոց ունեմ, պտղատու ծառեր ունեմ, որոնցով էս պահին զբաղվում եմ։ Համ էդ գործը ինձ հարազատ գործ է։ Ես սիրում եմ հողի հետ աշխատել, համ էլ իմ եկամուտները էս պահին էստեղից էլ եմ ստանում։ Եթե իմ հայտարարագիրը նայեք, գրել եմ, որ իմ եկամուտները նշել եմ, որ պաշտոնի էլ եղել եմ, էլի զբաղվել եմ գյուղատնտեսությամբ։

-Ի դեպ, պաշտոնյաների դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվելը բավականին արգասաբեր և արդյունավետ է, կհիշեք, Հովիկ Աբրահամյանն էլ ասում էր, թե պոմիդոր է աճեցրել, ու այդպես հարստացել, դարձել է միլիոնատեր։
-Չէ, ես հաստատ միլիոնատեր չեմ, դրա մի տոկոսի շեմն էլ չեմ կարող հատել, բայց, փառք Աստծո, գոնե կարողանում եմ ընտանիք պահել։ 

-Հովիկ Աբրահամյանի՞ ունեցվածքի մի տոկոսը նկատի ունեք։
-Չէ, ընդհանրապես, միլիարդատեր, միլիոնատեր, որ ասում եք, ես նրանց մի տոկոսն էլ չունեմ, բայց, փառք Աստծո, գյուղատնտեսությամբ կկարողանաս քո օրվա հացը վաստակել։

Վահե Մակարյան