Բաքուն արձագանքեց Փաշինյանին՝ նրա կողմնակիցների թեզերով 

Բաքուն արձագանքեց Փաշինյանին՝ նրա կողմնակիցների թեզերով 

«Սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի և չհարձակման պայմանագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկները պաշտոնական Բաքվի համար անընդունելի են։ Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրից և միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից: Չնայած նշված համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից ադրբեջանական կողմը հայկական կողմին կոչ է արել վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»,- սա Ադրբեջանի ԱԳՆ կանխատեսելի պատասխանն է նախօրեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկություններին:

Բաքուն, ինչպես միշտ, գնդակը թողեց հայկական դաշտում՝ ձևակերպելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, մանավանդ, որ Փաշինյանը և ՔՊ մյուս գործիչներն այդ թեզը վերջին օրերին այնպիսի հետևողականությամբ են պաշտպանում, որ Բաքվին ընդամենը մնում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը «պաշտոնականացնողի» թեզը:

Մենք երեկ գրել էինք այն մասին, որ Փաշինյանը կարող էր և կարող է գնալ քայլերի, որպեսզի չեզոքացնի Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը:

Կգնա՞ Փաշինյանը նման քայլի, թե՞ դարձյալ իր վրայից պատասխանատվությունը կգցի՝ «պատերազմ» հայտարարելով Երրորդ հանրապետության հիմքերին:

Ցավոք, Փաշինյանն ընտրելու է երկրորդ ճանապարհը, մանավանդ, Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին մինչև այժմ չի պահանջել, որ Ադրբեջանն, իր հերթին, վերջ տա Ադրբեջանի Սահմանադրությունում Հայաստանի դեմ «ոտնձգություններին»:

Վահրամ Բագրատյան