Արցախը՝ տոտալ շրջափակման մեջ

Արցախը՝ տոտալ շրջափակման մեջ

Ադրբեջանական կողմը ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Բաքուն հաստատել է, որ այնտեղ նոր անցակետ է տեղադրում։

Բաքվի այս քայլը տրամագծորեն նոր իրավիճակ է ստեղծում՝ չեղարկելով նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ամրագրված ստատուս-քվոն, Լաչինի միջանցքի կարգավիճակը ու որպես հետևանք՝ Արցախի սուբեկտության որևէ հեռանկար:

Ավելին, 44-օրյա պատերազմի ավարտից հետո առաջին անգամ, իրական ռիսկ է ստեղծվում Արցախի հայաթափության համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրները առանձին-առանձին մտահոգություն են հայտնել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ, ընդգծելով, որ դա խաթարում է խաղաղության գործընթացը։

Արդյո՞ք Հայաստանը և Արցախը կարող են գոհ լինել այս հայտարարություններից: Իհարկե՝ ոչ:

Մեր ժողովուրդը Մոսկվայից ակնկալում է ոչ թե բարոյական աջակցություն, այլ գործուն քայլեր, որոնք կնպաստեն Լաչինի միջանցքի անխափան գործունեությանը: Հավաքական Արևմուտքից ակնկալում ենք ոչ թե աջակցության լալահառաչ տեքստեր, այլ Ադրբեջանին սաստող քայլեր, օրինակ՝ պատժամիջոցների տեսքով:
Մյուս կողմից, սխալ է օտարների վրա պատասխանատվությունը բարդելը, եթե նման իրավիճակ առաջացել է սեփական իշխանության քաղաքականության հետևանքով:

Մեկ տարի առաջ այս օրերին Նիկոլ Փաշինյանը իջեցնում էր ԼՂ կարգավիճակի նշաձողը, անցած տարվա հոկտեմբերին, Պրահայում ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու դրա դիմաց այդպես էլ փաստաթղթային որևէ երաշխիք չի ստացել Արցախի ժողովրդի անվտանգության համար

Հայաստանի իշխանության նման անպատասխանատու քաղաքականությունը, միջազգային անտարբերությունն այն գործոններն են, որոնք «կանաչ լույս» են վառում Ալիևի ագրեսիվ քաղաքականության համար:

Վահրամ Բագրատյան