Պայքար խաչերի դեմ. մարզերում պնդում են՝ գործընթաց չկա

2022 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պետք է արգելել ճանապարհներին խաչքարեր ու խաչեր տեղադրելը: «Հայաստանում տարերային, նույնիսկ խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են անընդհատ հայտնվում»,- կառավարության նիստում հայտարարել էր նա:
Այս ընթացքում պարբեբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ տեղերում Փաշինյանի ասածը լուրջ են ընդունել ու անցել գործի: Վերջին օրերին էլ տեղեկություններ են տարածվում, որ միջպետական և համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները պետք է ապամոնտաժվեն:
Ի վերջո, ի՞նչ ճակատագիր է սպասվում խաչերին ու խաչքարերին, որոնց թիվը Հայաստանի ողջ տարածքում ավելացավ 44-օրյա պատերազմից հետո։
MediaHub-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե չի հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքը։
«Ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, անկեղծ չգիտեմ»,- ասաց Սարգսյանը։
Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը նույնպես, իր պնդմամբ, տեղյակ չէ նման գործընթացից:
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ևս:
«Ես տեղյակ չեմ, կոնկրետ մեր համայնքի հետ կապված մեզ ո՛չ զգուշացրել են, ո՛չ էլ տեղյակ են պահել, որ մեկը կա, որ պետք է հանի: Այդպիսի բան կոնկրետ իմ համայնքում չկա»,- ասաց Ղուլունցը։
Այդուհանդերձ, չար լեզուները խոսում են, որ Փաշինյանի հանձնարարականը մասնավորապես Սյունիքին է վերաբերում, որպեսզի երբ «խաղաղասեր» ադրբեջանցիների համար Հայաստանի ճանապարհները բացվեն ու դառնան հասանելի, դրանց երկայնքով ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերը, խաչերն ու խաչքարերը նրանց համար «վիրավորական» չլինեն...
Մարիաննա Արամյան