Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ

Արցախի Զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը նախաձեռնել է նոր, գիտակիրառական առումով կարևոր՝ Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների հաշվառման նախագիծ:
«Նախագծով նախատեսվում է ստեղծել Ստեփանակերտ քաղաքի մոնումենտալ արվեստի կոթողների հնարավորինս ամբողջական պատկերազարդ թվային ցանկ: Նախագծի շրջանակներում հավաքագրվում են Ստեփանակերտի տարբեր թաղամասերում տեղադրված ցայտաղբյուրների, արձանների, կիսանդրիների, տարբեր առիթներով ստեղծված կոթողների, հուշատախտակների հարթաքանդակների լուսանկարները, որոնք կունենան մանրամասն նկարագրություններ»,- MediaHub-ին փոխանցեց նախաձեռնության հեղինակներից կովկասագետ Հովիկ Ավանեսովը:
Ավանեսովի խոսքով՝ նկարագրում նշված կլինի հեղինակների, այդ մոնումենտալ արվեստի կոթողների կառուցման և տեղադրման թվականները, տեղադրման վայրը և առիթը, թե ի՞նչ իրադարձության է նվիրված կամ ո՞ւմ հիշատակին է կանգնեցվել:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի պետական վարչակարգի կողմից Արցախում ոչնչացնում են ամբողջական բնակավայրեր, իսկ մայրաքաղաք Ստփանակերտում՝ ամբողջական բնակելի թաղամասեր, այդ թվում նաև պատմական անցյալ ունեցող շենքեր և նրանց հարակից հատվածներում տեղադրված մոնումենտալ արվեստի կոթողները, նշված նախագծի իրականացումը դառնում է խիստ արդիական: Նախագծի արդյունքում ստեղծված պատկերազարդ թվային ցանկը ոչ միայն կարևոր նշանակություն կունենա քաղաքային մշակույթի հիշողության պահպանման համար, այլ նաև աղբյուրագիտական հենք կլինի ոլորտով զբաղվող հետազոտողների համար»,-ընդգծեց նա։
Նախաձեռնող խումբը ցանկերի ստեղծմամբ փորձելու է հնարավորինս ապահովել այդ կոթողների պահպանությունը և միջավայրի հիշողությունը պահպանել հանրության մեջ։
Հունան Թադևոսյան