Վերջին պահին ՀՀ չվերադարձած գերու որդին արդարություն է փնտրում․ Զոհրաբյան

Փաշինյանը գերիների վերադարձը մեկնաբանում էր այս կերպ. «Եվ կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերը ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»։
Ի՞նչ զրոյական կետի մասին է խոսքը, ինչո՞ւ հիմա և ո՞ւր է հասցնելու մեզ իշխանությունների «Խաղաղության խաչմերուկը»։ Այս հարցերին MediaHub-ի հետ զրույցում պատասխանեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
«Ես շատ ուրախ եմ և շատ կարևոր է, որ երեք տարի մեկ ամիս անց գերիները վերադարձան, բայց ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է դա ներկայացվում որպես Ֆրիտյոֆ Նանսենի հումանիզմի կամ Մահաթմա Գանդիի հումանիզմին հավասար քայլ։ Նրանք պետք է վերադառնային դեռ երեք տարի առաջ, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ամրագրված է, որ այս եռակողմ համաձայնության ստորագրումից հետո այն մտնում է ուժի մեջ, իսկ գերիների վերադարձի դրույթն անհապաղ էր․ բոլորը բոլորի դիմաց վերադարձվում են, այսինքն՝ երեք տարի մեկ ամիս հետո օգտվելով բացարձակապես Ադրբեջանի քաղաքական օրակարգից և շահերից։ Որովհետև Ադրբեջանը չի որոշել վերադարձնել գերիներին, քանի որ հավատարիմ է նոյեմբերի հայտարարությանը։ Ադրբեջանը թքած ունի բոլոր համաձայնագրերի, պայմանագրերի ու միջազգային հանրության բարձիկների վրա։ Ադրբեջանը վերադարձնում է գերիներին, որովհետև Ադրբեջանի քաղաքական ծրագրում է այդպես, ու ներկայացնել սա որպես հումանիզմի ակտ կամ հզոր ձեռքբերում՝ առնվազն իշխանությունների հերթական մանիպուլյատիվ քայլն է։ Եթե ծնողները երջանիկ են, իսկ ես տեսա, որ շատերն էնպիսի բարձր էյֆորիայի մեջ էին։ Մայրերից մեկն ասում էր, որ «Փաշինյանն ավելի շատ է մտածել իր որդու վերադարձի մասին, քան ինքը»։ Եթե այսպիսին է մեր հանրային հոգաբանական իրավիճակն ու հոգեկան առողջությունը, ապա ես այլևս ոչինչ չունեմ ասելու»,- նշեց մեր զրուցակիցը։
Նախկին պատգամավորը հայտնեց, որ իր հետ կապ է հաստատել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատոում ադրբեջանցի դիվերսանտի կողմից սպանված Հայրապետ Մելիքսեթյանի դուստր Անի Մելիքսեթյանը․ «Ադրբեջանում իր հոր սպանողին այնպես դիմավորեցին, կարծես, ազգային հերոս լիներ։ Ու նա հանձնվեց երեսուներկու ռազմագերիիների դիմաց։ Անին արդարություն էր խնդրում, ասում էր՝ «որտե՞ղ գտնեմ, իմ հորը սպանողը դատապարտվել էր ցմահ ազատազրկման», և այն մասին, որ «իրեն հանձնում են Ադրբեջանին, ես տեղեկանում եմ մամուլից»»։
«Խոսել եմ նաև Վիգեն Էուլջեքջյանի որդու՝ Սերժի հետ, ով ասում էր, որ «ԿԽ-ն ասել էր, որ հայրը փոխանակվողների մեջ է, այնուհետ տեղեկացանք, որ նա բարձրացել է այդ ավտոբուսը և վերջին պահին իջեցրել են նրան»։ Մարդիկ հարցերի պատասխաններ են փնտրում, և ես ընդամենը ուզում եմ ակնկալել, որ մի դաստիարակված մարդ կգտնվի քաղաքական էլիտայում, որ ընտանիքներին պարզաբանում կտա։ Ինչո՞ւ Ադրբեջանին հանձնվեց օրենքով դատապարտված մարդասպանը, երբ կար դատարանի վճիռն, ու այն միայն երեք դեպքում կարող է փոխվել։ Երբ նա Ադրբեջանում շարունակեր իր պատիժը կրել, բայց մենք տեսանք իրենք ինչպես դիմավորեցին իրենց «նոր Ռամիլ Սաֆարովին»։ Եթե դատարանը փոխեր վճիռը, սակայն դա նույնպես չի արձանագրվել։ Եվ երրորդ տարբերակ՝ Նիկոլ Փաշինյանը ներում շնորհեր, որը ստորագրվեր ՀՀ նախագահի կողմից։ Իրավական տարբերակներից և ոչ մեկը չի օգտագործվել, և վերջին շրջանում ասում եմ, որ իմ խնդիրը Նիկոլը չէ, նիկոլիզմն է»,- եզրափակեց Զոհրաբյանը։
Մարիա Զարգարյան