Թուրքիայի ԱԳ նախարարի բերանից «մեղր է կաթում», բայց երևի Միրզոյանն էլ չի հավատում․ թուրքագետ

Թուրքիայի ԱԳ նախարարի բերանից «մեղր է կաթում», բայց երևի Միրզոյանն էլ չի հավատում․ թուրքագետ

Հարավային Կովկասում շարունակվում է հարաբերությունների կարգավորման գործընթացը: Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է այս գործընթացին: Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա այս հայտարարությունը քաղցր կոնֆետ է, որին դժվար թե անգամ Արարատ Միրզոյանը հավատացած լինի. MediaHub.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

«Օգնությունը մարդասիրական ոլորտի խնդիր է, դիվանագիտական հարաբերությունները՝ քաղաքական ոլորտի։ Սրանք մեկը մյուսի հետ կապ չունեն»,- նկատեց թուրքագետը։

Մեկնաբանելով Չավուշօղլուի հայտարարությունը՝ Չաքրյանը փորձեց զուգահեռ անցկացնել Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո Էրդողանի հնչեցրած հայտարարությունների հետ․ երկու տեղում էլ թուրքական կողմի ներկայացուցչների «բերաններից մեղր է կաթում»։

«Նա անընդհատ ասում էր, որ անկեղծորեն է վերաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, անկեղծ են իրենց միտումները։ Եթե ինքն անկեղծ էր, ապա ՀՀ քաղաքացիների առջև թուրքական սահմանի բացման համար միջանցք չէր պահանջի Հայաստանի ինքնիշխան տարածքից, ոչ էլ կփորձեր ստիպել Հայաստանին, որ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքի, ընդամենը պիտի սահման բացեր։ Հատկապես, որ փակել էր այն պատրվակով, որ, իբր թե, Ադրբեջանի տարածքն է Հայաստանը «օկուպացրել», ինչը, պարզ է, որ իրականության հետ կապ չուներ»,- նշեց թուրքագետը։

Ըստ Չաքրյանի՝ եթե մի պետություն անմիջական հարևանի հետ հարաբերություններ հաստատելու համար նախապայմաններ է առաջադրում, այն էլ երրորդ պետության համար, ապա, ըստ միջազգայն նորմերի, թշնամանք է դրսևորում։ 

«Եթե ուզեին դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ապա երկուստեք դեսպանատներ կբացեին, ոչ թե միջանցք կպահանջեին»,- շեշտեց թուրքագետը։

Հարցին, թե նմանատիպ հանդիպումներն, ի վերջո, կարո՞ղ է դառնան Հայկական հարցի փակման նախապայման, Չաքրյանն արձագանքեց՝ հո խայտառակ չե՞նք։

«Էդ հարցից հետ կանգնել չենք կարող։ Եթե անգամ կանգնենք էլ, ԱՄՆ-ն հո ընդունած որոշումը չեղյալ չի հայտարարի, կամ Ֆրանսիան։ Նիկոլ Փաշինյանը նման բան չի անի, խայտառակ չի»,- ամփոփեց խոսքը թուրքագետը։

Նարե Գնունի