Թուրքիայի քաղաքացին Իրաքի կեղծ անձնագրով 3 անգամ հատել է ՀՀ սահմանը, իսկ վերջում դիմել ապաստան ստանալու խնդրանքով

Թուրքիայի քաղաքացին Իրաքի կեղծ անձնագրով 3 անգամ հատել է ՀՀ սահմանը, իսկ վերջում դիմել ապաստան ստանալու խնդրանքով

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Իրաքում կեղծ անձնագիր ձեռք բերած Թուրքիայի քաղաքացին երեք անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը։

Սուֆի Էթհեմի Օլմեզին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականին գտնվելով Իրաքի Հանրապետությունում, ձեռք է բերել Շահեեն Շաբան Տանեռ Շահեեն, ծնված 01.09.1991թ. տվյալներով A19297665 սերիայի իրաքյան անձնագիր, որում առկա լուսանկարի փոխարեն տեղադրել է իր լուսանկարը և կեղծ փաստաթուղթ հանդիսացող հիշյալ անձնագրի օգտագործմամբ, 2022 թվականի հունիսի 10-ին Շարժա-Երևան չվերթով ապօրինի՝ առանց սահմանային փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը և մուտք է գործել ՀՀ, որից հետո, նույն կեղծ անձնագիրն օգտագործելով, 2022 թվականի հունիսի 30-ին մեկնել է Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաք, այդ կերպ ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, կրկին հատելով ՀՀ պետական սահմանը, որտեղից 2022 թվականի հուլիսի 2-ին արտաքսվել է ՀՀ, սակայն ՀՀ մուտքի արտոնագրի բացակայության պատճառով վերջինիս մուտքը ՀՀ արգելվել է, որից հետո վերադարձել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաք, որտեղից 2022 թվականի հոկտեմբերի 15-ին, կրկին հիշյալ կեղծ անձնագիրն օգտագործելով, երրորդ անգամ, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պետական սահմանը և մուտք է գործել ՀՀ, որից հետո 2022 թվականի նոյեմբերի 11-ին դիմել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու խնդրանքով՝ ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացու 60907470924 համարի թուրքական անձնագիրը:

Խափանման միջոց է ընտրված կալանավորումը։