Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նախորդ շաբաթից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած բողոքի ցույցերից հետո (որի ժամանակ արցախահայությունը տեղական կառավարությունից պահանջում էր ներկայացնել, թե ինչ է լինելու Արցախի ճակատագիրը, եթե հանկարծ Հայաստանի ղեկավարությունը որոշի «խաղաղության պայմանագիր» ստորագրել) Արցախի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը Երեւան է եկել՝ պարզաբանումներ ստանալու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արցախյան պատվիրակությունն այստեղ գրկաբաց ընդունելության չի արժանացել: Մի քանի օր շարունակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել պատվիրակության ներկայացուցիչներին, չի պատասխանել անգամ հեռախոսազանգերին:

«Հրապարակ»  թերթը գրում է․

Պրահյան պայմանավորվածություններից հետո Հայաստան շտապած Արցախի պատվիրակությունը վերջին օրերին հանդիպումներ է ունենում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախօրեին նրանց ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է ընդունել, երեկ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երեկոյան հանդիպել էին նաեւ ՀՀ նախագահի հետ: Առաջին երկուսի հետ հանդիպումների ժամանակ, ինչպեսեւ սպասվում էր, հայաստանյան պաշտոնյաները փափուկ բարձ են դրել Արցախի հյուրերի գլխի տակ, թե խաղաղության պայմանագիր ստորագրելը չի նշանակում Արցախը հանձնել Ադրբեջանին, թե իբր Հայաստանն ամեն ինչ անելու է, որ կայանան Բաքու-Ստեփանակերտ բանակցություններ, իսկ միջազգային հանրության ուշադրությունն էլ սեւեռելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խնդրի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Այս տարվա հոկտեմբերի 4-ին 18 հասարակական կազմակերպություններ Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահի պաշտոնում խիստ անընդունելի համարեցին՝ հայտարարելով․ «Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը եւ պահանջում ենք վերանայել առաջադրումը… Նրա նշանակումը կլինի ապացույց նեղ խմբային քաղաքական շահի արժեւորման՝ ի վնաս որոշումների կայացման գործընթացում ժողովրդավարական սկզբունքների»։

Այս առիթով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Մենք թերեւս կգնանք ՀՀ սահմանադրական դատարան դիմելու ճանապարհով, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը ոչինչ չի տալու: Այս պահին մեր իրավաբանները աշխատում են դիմումի վրա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժողովրդավարական ցանկացած երկրում ամենակարեւոր ինստիտուտներց մեկն է, որի ձեւավորումը չպետք է խնդրահարույց լինի կամ կասկածներ առաջացնի: Եթե Վահագն Հովակիմյանն ինքն իրեն չընտրեր, այդ պահին իրավիճակի դասավորվածությունն այնպիսին էր, որ Վահագն Հովակիմյանը չէր ընտրվելու ԿԸՀ նախագահ: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ միակուսակցական դիկտատուրան իրենց համար առաջին պլանում է, եւ շահերի բախման ակնհայտ դրսեւորումների պայմաններում անգամ նրանք չեն խորշում կուսակցականին դարձնել անկախ կառույցի ղեկավար»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Դեռեւս այս տարվա հունիս ամսին Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները՝ ի դեմս «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի, արցախյան հիմնադրամները քննելու հանձնաժողով ստեղծելու առաջարկով էին հանդես եկել: Գալստյանն ասում էր, որ հատկապես պատերազմից հետո Արցախում գործող գյուղատնտեսական եւ ներդրումային հիմնադրամների գործունեությունը քննելու անհրաժեշտություն կա: Պատգամավորի առաջարկին նախնական 9 պատգամավոր էր միացել, այդ թվում՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության 1 պատգամավոր։ Կարճ ժամանակ անց, սակայն, այդ մեկ պատգամավորը ստորագրությունը հետ էր վերցրել, իսկ Բաբայանի կուսակցությունը հայտարարություն էր տարածել, թե հիմնադրամներում տիրող ֆինանսական վիճակը կքննարկեն սեպտեմբերին: Հիմա արդեն հոկտեմբերն է, ու պարզ է, որ Գալստյանի բարձրաձայնած հարցը Բաբայանի կուսակցության համար ոչ միայն երկրորդ պլան է մղվել, այլ առհասարակ մոռացության է մատնվել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի համար հարմարավետ պայմաններ են ստեղծում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում կտրամադրվի։ Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորներին պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կիրառել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի նկատմամբ:

Արդեն մի քանի օր է, ինչ Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է, բայց արդեն սկսել է մտածել ֆինանսական վիճակը կայունացնելու մասին»:

«Հրապարակ»  թերթը գրում է․

Մոտ մեկ ամիս առաջ իմացանք, որ գործարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից եւ տեղափոխվել Արցախ: Հետո Արցախի նախագահը Վարդանյանին պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու հրապարակային առաջարկ արեց, ինչին նա պատասխանեց, թե մտածում է` եթե իրեն համապատասխան լիազորություններով օժտեն, կհամաձայնի: Երեկ, սակայն, տեղեկացանք, որ այդ առաջարկը դեռեւս մնում է օդում կախված: Փոխարենը տարատեսակ վարկածներ են շրջանառվում, սկսած նրանից, որ Վարդանյանը բիզնեսի հետ կապված անավարտ գործեր ունի, որոշել է ավարտին հասցնել, նոր մտնել պետական ապարատ, ինչպես նաեւ` դեռ երկմտում է. այդ նշանակումից ինքն ավելի շատ շահելո՞ւ է, թե՞ կորցնելու: Կան նաեւ այլ վարկածներ:

Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ նախօրեին Վարդանյանը մեկնել է Մոսկվա, թե որն է այցի նպատակը, մեզ պարզել չհաջողվեց: Արդյոք իսկապե՞ս իր գործերն է ավարտուն տեսքի բերում, թե՞, այնուամենայնիվ, նշանակումից առաջ ռուսական քաղաքական շրջանակների հետ կոնսուլտացիաներ պետք է անցկացվեն:

«Հրապարակ»  թերթը գրում է․

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկ մարզխորհրդի նիստ է անցկացել, որի ընթացքում քննարկել են սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով «մարզում ստեղծված իրադրության եւ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ» հարցը, որը ներկայացրել է մարզպետ Արարատ Գրիգորյանը: Բանն այն է, որ մարզխորհուրդն առաջին հերթին կազմված է հենց համայնքի վարչական ղեկավարներից, Վայոց Ձորի մարզն էլ խոշորացումից հետո ունի ընդամենը 5 համայնք՝ Արենի, Ջերմուկ, Վայք, Եղեգիս, Եղեգնաձոր, ըստ այդմ էլ՝ 5 ղեկավար։ Սեպտեմբերի 13-14-ին սկսված ադրբեջանական սադրանքներից ամենաշատ տուժած համայնքը Ջերմուկն է, սակայն խորհրդի նիստին, որի ժամանակ քննարկվել է տուժած համայնքների հարցը, ներկա չի եղել Ջերմուկի համայնքապետը։

«Հրապարակ»  թերթը գրում է․

Արդեն մեկ շաբաթ է՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահն է, իսկ արդարադատության նախարարի պարտականություններն իրականացնում է նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, ով համարվում է նախարարի ամենահավանական թեկնածուն: Իսկ թե ինչու է նրա նշանակումն ուշանում, իշխանական մեր աղբյուրները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը «շուստրի» քայլ է անում․ քանի որ ՔՊ-ում մի ստվար զանգված դեմ է Գրիգոր Մինասյանի նշանակմանը, Փաշինյանը ժամանակ է ձգում, որ վերջում ասի, թե հարմար թեկնածու չկար, ստիպված են նշանակել փոխնախարարին:

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախյան պատերազմում պարտությունից ու դրան հաջորդող իրադարձություններից հետո Հայաստանը արտաքին քաղաքական նոր մոտեցումների կարիք ունի, քանի որ պատերազմը և պարտությունը նաև արտաքին քաղաքականության ոլորտում անհաջողության մասին են վկայում։ Բայց, ինչպես տեսնում ենք, այն նույն մոտեցումներն, որ կային պատերազմից առաջ, շարունակվում են նաև հիմա։ Համենայն դեպս, չկա այն անհրաժեշտ ճկունությունը, որը թույլ կտա Հայաստանին համադրել տարբեր խաղացողների շահերը։

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունը որոշել է սուբսիդավորել վարկատեսակները, որոնք նախատեսված կլինեն արևային կայան տեղադրելու համար: