Ադրբեջանը ցանկանում է Փաշինյանից ստանալ երաշխիքներ՝ մեկընդմիշտ փակելով ռևանշի հարցը  

Ադրբեջանը ցանկանում է Փաշինյանից ստանալ երաշխիքներ՝ մեկընդմիշտ փակելով ռևանշի հարցը  

Անհասկանալի է՝ ինչո՞ւ է Փաշինյանը գերիների վերադարձն անվանում զրոյական կետ, քանի որ նախորդ դեպքերում, երբ նա նշում էր, որ բանակցություններ է սկսում զրոյական կետից, մենք հիշում ենք, թե ինչով ավարտվեցին դրանք ու ինչ հետևանքներ ունեցան։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց «Հայկական նախագծի» համահիմնադիր, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը։

«Ամենայն հավանականությամբ՝ զրոյական կետի ներքո պետք է հասկանալ Երևանի ու Բաքվի միջև երկկողմ բանակցություններն առանց միջնորդի։ Խնդիրն այն է, որ 1+1 ձևաչափով բանակցություններն իրականում ընթանում են 2+1 ձևաչափով, քանի որ Ադրբեջանի ետևում՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմական առումով կանգնած է Թուրքիան։ Առանց միջնորդի բանակցությունները մեր պարագայում ուժեղի ու թույլի միջև բանակցություններ են և արդյունքն առավել քան պարզ է, քանի որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»,- նշեց մեր զրուցակիցը։

Միջազգայնագետը, մեկնաբանելով ՀՀ իշխանությունների խոսքերն այն մասին, որ ռևանշ չի լինելու, նշեց, որ իրենց բետոնե երաշխիքներ են պետք, անկախ ՀՀ-ում տիրող իրավիճակի զարգացումներից՝ ոչ մի տեսակի հիմքեր անգամ չլինեն այդ կապիտուլյացիայի թղթի վերանայման համար։ «Ի՞նչ ենք հասկանում այդ տողատակերի տակ. գլխավոր փաստաթղթերի վերանայում, որոնք ՀՀ պետականության հիմքում են, ՀՀ սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված ՀՀ-ին ԼՂ-ի միացման մասին։ Ասում է՝ սկզբում պետք է վերացնեն բոլոր իրավական հիմքերը հետագա գործողություններից խուսափելու համար»,- շեշտեց նա։

«Ադրբեջանը ռևանշիստներ է անվանում ընդդիմությանը, իշխանությունների խնդիրն է լինելու այն մարդկանց լռեցնելը, ովքեր Լեռնային Ղարաբաղի հարցը շարունակելու են բարձրացնել, հավանաբար ինչ-որ լուծումներ են փորձելու գտնել ընդդիմության ձայնը լսելի չդարձնելու համար։ Ըստ Չավուշօղլուի՝ գլխավոր ռևանշիստը հայկական Սփյուռքն է։ Եվ հերթական խնդիրը ՀՀ իշխանությունների համար լինելու է Սփյուռքը, որը կրկին ու կրկին բարձրացնելու է այդ հարցը։ Եթե հիմա այդ  գաղափարը ՀՀ իշխանություններն արմատախիլ անեն, ապա հետագա իշխանությունների մոտ, եթե անգամ նման միտք ծագի, ապա ոչ մի ենթակառուցվածք մնացած չի լինի, իրավական հիմք էլ չի լինի։ Այդ ամենի գումարման արդյունքում Ադրբեջանը ցանկանում է ստանալ երաշխիքներ և մեկընդմիշտ փակել այս հարցը»,- շեշտեց Մելքոնյանը։

Անդրադառնալով ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ ակտիվացած խոսակցություններին՝ միջազգայնագետը նշեց, որ ՀՀ իշխանությունն ունի որոշակի հիմքեր գնալու արտահերթ ընտրությունների: Նախ, ըստ Մելքոնյանի, իրենց անհրաժեշտ է թարմացնել մանդատները խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ, քանի որ պատրաստվում են ստորագրել փաստաթուղթ, որը «չի բխում ո՛չ ՀՀ-ի, ո՛չ Արցախի և ո՛չ էլ Սփյուռքի շահերից, և ընտրությունների միջոցով ցանկանում են մաքրել դաշտն իրական ընդդիմությունից և բերել ԱԺ այնպիսի կուսակցությունների, որոնք իբրև ընդդիմություն են, բայց պետք եղած ժամանակ անցնում են իշխանության կողմը, ինչպես եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, որին մասնակցում էր 14 քաղաքական ուժ»։

Իսկ  մինչ այդ թշնամի երկրի նախագահ Ալիևը հայտարարեց արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին, «ինչը կարող է նշանակել, որ Ադրբեջանի ղեկավարին նոր պատերազմի մանդատ կարող է պետք լինել»։

«Լեռնային Ղարաբաղը գրավելու առաջին պատմական նպատակը ժամանակավորապես իրագործվել է, իսկ այսօր արդեն իսկ իրականացվում է «Արևմտյան Զանգեզուր վերադարձի» և «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվական նախապատրաստական աշխատանքները։ Նոր պատերազմը ենթադրում է նոր մեծ նպատակներ, որոնք հասարակությանը կմիավորեն նախագահ Ալիևի շուրջ։ «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը կշարունակի արդարացնել երկրում ցածր կենսամակարդակը, քաղաքական բռնաճնշումները և Ալիևների ընտանիքի ռեժիմի պահպանումը։ Ավելին, արտահերթ ընտրությունների անցկացումը Ադրբեջանում լեգիտիմ հիմք է խաղաղ գործընթացի ձգձգման համար։ Ալիևը կարող է պնդել, որ զբաղված է ներքին գործընթացներով և չի կարող իրեն թույլ տալ խաղաղ պայմանագիր կնքել։ Այսպիսով, նա կշահի առնվազն երեք ամիս։ Իսկ ահա Ադրբեջանում ընտրություններից հետո Ռուսաստանն ու ԵՄ-ն կլինեն նախընտրական վիճակում»,- եզրափակեց Մելքոնյանը։

Մարիա Զարգարյան