«Պասերով խաղ». Ալիևի հայտարարություններին անմիջապես հետևում է Նիկոլ Փաշինյանի ելույթը 

«Պասերով խաղ». Ալիևի հայտարարություններին անմիջապես հետևում է Նիկոլ Փաշինյանի ելույթը 

Թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ անդրադարձել է Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային նախաձեռնությանը և հայտարարել է, թե այն առանց Ադրբեջանի ընդամենը թղթի կտոր է։ Ըստ Ադրբեջանի նախագահի` այդ մասին իրենք բազմիցս փոխանցել են հայկական կողմին։

Եվ այս ամենը հենց այնպես արտահայտվող մտքեր չեն, այլ հստակ քաղաքականություն հետապնդող: Այդպես է կարծում MediaHub-ի զրուցակիցը՝ քաղաքական գործիչ Արամայիս Աղաբեկյանը, որը նշում է, որ ադրբեջանական կողմի կոշտ հռետորաբանությունը մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջին ակնհայտ նպատակն այն է, որ հնարավորության դեպքում տաք պատերազմ վարելը լեգիտիմացնի:

«Ի՞նչ է արվում․ Հայաստանը ներկայացվում է որպես պատերազմի պատրաստվող կողմ։ Պետական բարձր պաշտոնյաների կողմից արվում է այնպիսի հռետորաբանություն և պետական ֆինանսավորում ունեցող ալիքների միջոցով այնպիսի ինֆորմացիներ են տեղադրվում, իբրև թե հայկական կողմը ռազմական նոր օբյեկտներ է կառուցում, զինվորական ուժ է տեղափոխում  առաջնագիծ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն»,- ասում է մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով՝ այս ամենն Ադրբեջանն անում է, որ հնարավորության դեպքում, երբ միջազգային խաղի կանոնները թույլ տան ռազմական ագրեսիա իրականացնել, ի սկզբանե խոսեն, որ Հայաստանն է հարձակվել, ինչպես դա արեցին 44-օրյա պատերազմի դեպքում, հետո կատարեն իրենց առջև դրված ռազմական խնդիրը։

Քաղաքագետի խոսքով՝  այս պահին Ադրբեջանի նպատակը ռազմական ճանապարհով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալն է ու Հայաստանին այնպիսի վիճակի մեջ դնելը, որ ցանկացած պարագայում իրենց կողմից առաջադրված նախապայմանները կատարեն։

«Եթե ուշադրություն դարձնենք Ալիևի հարցազրույցներին, ապա դրան անմիջապես հետևում է Նիկոլ Փաշինյանի այնպիսի մի հռետորաբանություն, քաղաքական լեզվով ասած՝ «պասերով խաղ»։ Ալիևը պատերազմի սպառնալիք է դնում և դրա սպառնալիքի տակ Փաշինյանը ինչ որ մի նոր զիջում փորձում է ներկայացնել որպես մեծ հաջողություն, որ տեսեք՝ «մենք զիջման ենք գնացել, դրա համար կարողացել ենք կանգնեցնել պատերազմը»։ Հաջորդ տեսակետն ավելի գլոբալ է և ուղղված է միջազգային դերակատարներին։ Ալիևի կառավարությունը հիշեցնում է, որ առանց իր հետ պայմանավորվելու, տարածաշրջանում ոչ մի հարց չի լուծվելու»,- ընդգծում է Աղաբեկյանը։ 

Իլհամ Ալիևը երեկ էլ հայտարարել է, որ «եթե Հայաստանը իսկապես ցանկանում է իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ապա նախ պետք է դիմի Ադրբեջանին։ Խոսելով միջանցքի մասին` Ալիևը հայտարարել է, թե՝ «Հայաստանը պետք է ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել կապ՝ առանց որևէ ստուգման և խոչընդոտի»։ 

«Ադրբեջանցիները պատկերացնում են, որ այդ ճանապարհի ապաշրջափակումը լինելու է Հայաստանի շրջափակման շարունակականությունը։ Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը։ Իրենք որևէ պարագայում չեն կարող համաձայնել այնպիսի պայմանների, որ Հայաստանը կարողանա նաև ինքն այդ տրանսպորտային ուղիներից օգտվել և դեպի աշխարհ ելումուտ ու շահույթ ունենալ»։

Մեր զրուցակցի վերլուծությամբ՝ Ադրբեջանի համար տրանսպորատյին ենթակառուցվածքների բացումը ենթադրում է Հայաստանի շրջափակում, քաղաքական ազդեցության թուլացում, միջազգային դերի անկում։

Հունան Թադևոսյան