«Սուրմալու»-ի պայթյունի գործով դատական նիստն էր․ ի՞նչ է վճռվել

«Սուրմալու»-ի պայթյունի գործով դատական նիստն էր․ ի՞նչ է վճռվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 31-ին, մեկնարկած «Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախորդ տարվա օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի գործով նախնական դատական նիստը հետաձգեց, հայտնում է news.am-ը։

Հետաձգման հիմքն այն էր, որ գործով մեղադրող դատախազը մեղադրական եզրակացությունը գործով մեղադրյալներին չի ուղարկել:

Նշենք, որ ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը: Վահագն Հովհաննիսյանը վարչական հսկողության տակ է, Գարիկ Վարդանյանի նկատմամբ բացակայելու արգելք է սահմանվել, Մհեր Մարգարյանի նկատմամբ՝ գրավ է կիրառվել:

Ըստ մեղադրանքի՝ Վահագն Հովհաննիսյանը «Երեւանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Իրինա Էդուարդի Մադաթովայի հետ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված՝ «Առեւտրի իրականացման վայրի առեւտրի օբյեկտների, վաճառատեղերի եւ պահեստների տրամադրման» պայմանագրով Առեւտրի կենտրոնում վարձակալելով Ընկերության՝ Երեւան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առեւտրի կենտրոնի առեւտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքը եւ նույն պայմանագրի 2.4.3 կետի պահանջների համաձայն՝ ստանձնելով վարձակալած տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային եւ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման եւ իր մեղքով պատճառված վնասի դեպքում՝ պատճառված վնասը փոխհատուցելու պարտավորությունները, խախտել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» եւ ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու եւ դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետեւանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաեւ առաջացել է այլ ծանր հետեւանքներ:

Գարիկ Վարդանյանը հանդիսանալով Վահագն Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից Առեւտրի կենտրոնի տարածքում, Վահագն Հովհաննիսյանի եւ Մհեր Մարգարյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդ կերպ դրսեւորելով հանցավոր անփութություն, այն է՝ չի նախատեսել իր գործողությունների արդյունքում ուրիշ մարդու մահվան առաջացումը, սակայն պահեստներում պահվող հրագործական արտադրատեսակների քանակությամբ եւ պահման հատուկ կարգով պայմանավորված՝ պարտավոր էր եւ կարող էր դա նախատեսել, եթե գործեր ավելի զգույշ, որով խախտել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» եւ ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու եւ դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները:

Մհեր Մարգարյանը հանդիսանալով Վահագն Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից առեւտրի տարածքում, Վահագն Հովհաննիսյանի եւ Գարիկ Վարդանյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդ կերպ դրսեւորելով հանցավոր անփութություն:

Նշենք, որ գործով տուժողները դժգոհ են եւ՛ գործի նախաքննության ընթացքից եւ ԱԱԾ քննիչի՝ նախաքննության ավարտ հայտարարելու մասին որոշումից:

Օգոստոսի 14-ին լրացել է 16 անձի մահվան եւ մեկի անհետ կորելու պատճառ դարձած «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգական պայթյունի մեկ տարին: