Երեխաները գիտակցում են, որ իրենց հայրերը չկան, բայց կան լավ մարդիկ, որոնք նվերներ են բերում՝ հայրերի փոխարեն

Երեխաները գիտակցում են, որ իրենց հայրերը չկան, բայց կան լավ մարդիկ, որոնք նվերներ են բերում՝ հայրերի փոխարեն

«Արդեն 4-րդ տարին է, բարի մարդկանց շնորհիվ իրականացնում եմ մի նախագիծ, որն էմոցիոնալ առումով շատ բարդ է, բայց խղճի ու հայրենիքի համար իրենց կյանքը տված տղաների հարգանքի առումով՝ կարևոր ու պատասխանատու։ Իմ, ընկերներիս ու բարի մարդկանց նվիրատվությունների շնորհիվ նվերներ ենք փոխանցում 44-օրյա ու նաև արցախյան վերջին պատերազմի ընթացքում զոհված տղաների երեխաներին»,-MediaHub-ին ասում է հասարակական գործիչ, երեխաների համար արդեն իսկ «Ձմեռ պապ»-ի պարտականությունը ստանձնած Արամ Գևորգյանը։  

Նվերները, որոնք պետք է գնեին հայրերն իրենց երեխաների համար, բայց նրանք իրենց կյանքը նահատակել են հայրենիքի համար, իրենց փոխարեն  փոխանցում է Արամը, ինքն իր ձեռքով դրանք հասցնելով հասցեատերերին։ Նվերները գնելուց առաջ Արամը մեկ առ մեկ ընթերցում է բոլորի նամակները, լսում նրանց ցանկությունները։ Ասում է՝ դժվար, բայցև հաճելի առաքելություն է։ 

«Դրամահավաքի միջոցով գոյացած հասույթից նվերները գնում եմ ես։ Նախաձեռնությանը միացել են իմ ֆեյսբուքյան ընկերները, բարի ու անծանոթ մարդիկ, որոնք հասկանում են նախաձեռնության խորությունն ու գաղափարախոսությունը»,-ասում է նա։

Միտքը ծագել է դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Ինքն էլ որոշում է կայացրել, որ սա պետք է ունենա շարունակություն ու տարբերվի մյուս օգնություն կոչվող նախաձեռնություններից, քանի որ Արամի խոսքով՝ մեծ մասը սոցիալապես ապահով ընտանիքի երեխաներ են։

«Սա ինչ որ տեղ երևի շնորհակալության և ներողության դրսևորում է իրենց կորցրած մանկության դիմաց։ Ասելիքը հետևյալն է՝ ամանորյա տոներին այն, ինչ չեն հասցրել գնել իրենց երեխաներին հայրերը, մենք ենք գնում։ Ֆինանսապես ու ֆիզիկապես հնարավոր չէ օգնել բոլորին, բայց արդեն 4 տարի է ամանորյա տոներին ընդառաջ ընդունում ենք նամակները և մեր հնարավորության սահմաններում իրականացնում նրանց ցանկությունները»։

Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի նամակներն ավելի շատ են ստացել։ Մինչ այս պահը Արամն ու ընկերները դեռ շարունակում են կատարել գնումները, որ հասցնեն փոխանցել բոլորին՝ իրենց բնակության հասցեներում։ Լինում են նաև բացառություններ, երբ նվերների հետ միասին սոցիալապես անապահով կամ բազմազավակ ընտանիքների երեխաներին փոխանցվում են նաև տաք հագուստներ։

«Երեխաների տուն մտնելը, նրանց հետ շփումը պարտավորեցնող է ու իրենք շատ ուրախանում են այն նվերներից, որոնք ստացել են: Ու գիտակցում են, որ իրենց հայրերը չկան, բայց կան լավ մարդիկ, ովքեր գումար են հավաքում,  և այդ լավ մարդիկ իրենց նվերներ են բերում՝ հայրերի փոխարեն»,-հավելեց Արամ Գևորգյանը։

Հունան Թադևոսյան