Արդյո՞ք կկարողանանք ապրել նոր Սիրիայում, որտեղ քաոս է․ իրավիճակը Հալեպում անփոփոխ վատ է

Արդյո՞ք կկարողանանք ապրել նոր Սիրիայում, որտեղ քաոս է․ իրավիճակը Հալեպում անփոփոխ վատ է

Սիրիացիները շարունակում են պայքարել իրենց իրավունքների վերականգնման համար, սակայն, իրավիճակը, ըստ MediaHub-ի զրուցակիցների, մնում է անփոփոխ վատ։

«Արդեն 1 շաբաթ է ջուր չունենք, այն հասցնում ենք ձեռքով՝ մեզանից հեռու գտնվող ջրհորներից, կամ նոր կառավարությունն է կազմակերպում՝ ցիստեռներով ջուր են բերում մեր թաղամասեր։ 24 ժամվա մեջ էլեկտրաէներգիա ստանում ենք ընդամենը 2 ժամով։ Դա մեր կյանքի ամենասպասված 2 ժամն է։ Չգիտենք՝ հետո ի՞նչ կլինի, կկարողանա՞նք ապրել նոր Սիրիայում, որտեղ բառիս ուղիղ իմաստով քաոս է»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է հալեպահայ Գևորգ-Հովհաննես Ճոսլակյանը։ 

Հալեպում և Դամասկոսում կրակոցները դադարել են, ռմբակոծություններ չկան։

Իշխանափոխությունից հետո, սակայն, սոցիալական իրավիճակը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Գևորգի խոսքով՝ հայկական համայնքը դեռ հույսը չի կորցնում, որ սիրիացիներն այս փորձությունն էլ կհաղթահարեն։ 

«Պատերազմը դեռ ամբողջությամբ ավարտված չէ։ Իսրայելը շարունակ հարվածում է Գոլանի բարձունքներին։ Արտաքին աշխարհի հետ կապ գրեթե չկա՝ օդանավակայանները փակ են, բաց է միայն ներքին գծերը։  Հավանաբար՝ իմ ընտանիքով կտեղափոխվեմ Հայաստան»,- ընդգծեց նա։

Հալեպում և Դամասկոսում արտագաղթի հոսք է սպասվում։ Սիրիացիները մեծ հույսեր չեն փայփայում նոր կառավարության հետ, քանի որ միջէթնիկ վերաբերմունքը կարող է հրահրել ներքին բախումներ։ 

«Մինչ այս հեղաշրջումը խտրական վերաբերմունք այստեղ չի եղել։ Քրիստոնյաներն ու մահմեդականներն ապրել են կողք-կողքի՝ համերաշխ։ Հիմա ոչինչ առաջվանը չէ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան