Մամիկոն Ասլանյանը դատարանում է. ինչ էր միջնորդել դատախազը

Մամիկոն Ասլանյանը դատարանում է. ինչ էր միջնորդել դատախազը

Երևանի Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը: Ասլանյանը քիչ առաջ ոստիկանների ուղեկցությամբ եկավ դատական նիստերի դահլիճ: 

Նրան աջակցություն հայտնելու համար դատարանի դահլիճում են նաև նրա ընկերները` Վանաձորից, ինչպես նաև ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Գեղամ Մանուկյանը:

Մամիկոն Ասլանյանի տրամադրությունը բարձր էր երևում, նա դահլիճ մտնելիս ժպտաց ու հեռվից բարևեց իր աջակիցներին:

Մինչ դատական նիստին անցնելը դատարանը նախ քննարկեց լրատվամիջոցների կողմից դատական նիստը լուսաբանելու հարցը: Դատախազը միջնորդեց լուսաբանումը թույլատրել միայն ռեպորտաժի տեսքով՝ ելնելով նրանից, որ վկաները չպետք է հետևեն նիստին:

Ասլանյանի պաշտպանը, սակայն, նշեց, որ մինչ վկաներին անցնելը ինքը միջնորդություն է ներկայացնելու, որ դատարանը քննի իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը, ինչը դատարանը պարտավոր է անհապաղ քննել, և դա ցանկացած եղանակով լուսաբանելու արգելք չի տեսնում, այսինքն` կողմ է, որ ուղիղ հեռարձակվի նիստը: Իսկ վկաների մասով ուղիղ հեռարձակման հարցը թողնում է դատարանի հայեցողությանը:

Ի վերջո, դատարանը համաձայնեց թույլատրել դատական նիստը ամբողջությամբ լուսաբանել ուղիղ հեռարձակմամբ:

Վահե Մակարյան