Փաշինյանի պոպուլիստական որոշումից օգտվում են հիվանդները, տուժում`նախարարությունը․ պետպատվերի համակարգը կվերանայվի 

Փաշինյանի պոպուլիստական որոշումից օգտվում են հիվանդները, տուժում`նախարարությունը․ պետպատվերի համակարգը կվերանայվի 

Առողջապահության նախարարությունը շուտով կարող է «կռախի» առջև կանգնել կամ առնվազն բյուջետային առումով լուրջ խնդիրներ ունենալ։ Պատճառը Նիկոլ Փաշինյանի հերթական պոպուլիստական որոշումն է, որը նա կայացրել է անցյալ տարի, դեկտեմբերին։ 

MediaHub-ին պատմեցին, որ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին առաջարկել է փոխել պետպատվերների մոտեցումն ու դարձնել այնպես, որ ոչ թե մարդը գնա փողի հետևից, այլ փողը գնա մարդու հետևից։ Արդյունքում հանձնարարել է պետության հաշվին բուժօգնություն ստանալու համակարգը դարձնել, այսպես ասած, հետվճարային՝ քաղաքացիները տարին կլոր, ըստ կարիքի, որքան ուզում են՝ գնան և պետպատվերի շրջանակներում անվճար հետազոտվեն, բուժօգնություն ստանան, իսկ գումարը հետո պետությունը վճարի տվյալ բժշկական կենտրոնին՝ ըստ վերջինիս ներկայացրած հաշվի։ Մեզ ասացին, որ արտաքուստ քաղաքացու օգտին և պոպուլիստական թվացող այս որոշման մեջ, իրականում, ֆինանսական ու բյուջետային առումով մեծ ռիսկեր կան։

Բանն այն է, որ մեր հասարակությունն էլ, այդ հասարակության մաս կազմող շատ բուժաշխատողներ էլ որոշումն ուժի մեջ մտնելուց՝ հունվարի 1-ից հետո սկսել են չարաշահել այդ որոշման ընձեռած հնարավորություններն ու տեղի-անտեղի թանկարժեք հետազոտությունների դիմել։ Ասացին՝ կան դեպքեր, երբ պացիենտը կարիք չունի, օրինակ, ՄՌՏ հետազոտություն անցնելու, բայց իքս ԲԿ-ի բժիշկը նրան նշանակում է այդ հետազոտությունը, որովհետև գիտի՝ անվճար է, և առաջվա նման հերթագրվելու կարիք չկա, քանզի պետությունը, միևնույն է, վերջում վճարելու է այդ գումարը, իսկ ինքն էլ դրանից իր տոկոսն է ստանալու, ուստի աջ ու ձախ ՄՌՏ են գրում կամ այլ թանկարժեք հետազոտություններ, որոնց կարիքը շատ դեպքերում չի զգացվում։ 

Կասկածներ կան, որ որոշ դեպքերում այդ հետազոտությունը պացիենտն անգամ չի էլ անցնում, պարզապես փոխհամաձայնեցված կերպով բժիշկները ձևական ուղեգրեր են տալիս, հետո այդ հետազոտությունը չեն անցնում և փող են դուրս գրում պետությունից։ Արդյունքում նախատեսվածից միլիոնավոր դրամներով ավելի գումար է փոխանցվում պետբյուջեից առողջապահության նախարարությանը, որ վերջինս դա բաշխի պետպատվերով աշխատող ԲԿ-ների միջև։

Եւ սա, մեզ ասացին, տարվա վերջին կարող է «կռախի» առջև կանգնեցնել թե՛ նախարարությանը, թե՛ ֆիննախին՝ որպես մեր բյուջետային միջոցները տնօրինող գերատեսչության։ Եւ հիմա առողջապահության նախարարությունն ու նախարար Ավանեսյանը, տեղեկանալով այդ ամենի մասին, որը Փաշինյանի այդ պոպուլիստական որոշման հետևանք է, ուղիներ են մտածում, որ շտկումներ կատարեն այս որոշման մեջ, որ և՛ քաղաքացիները չտուժեն, քանզի ոգևորվել են Փաշինյանի այս պոպուլիստական քայլից, և՛ պետբյուջեի միջոցները կարողանան ճիշտ տնօրինել, և հերթագրման համակարգն ու պետպատվերի մեխանիզմը այնպես դարձնեն, որ չկարողանան մախինացիաների դիմել կամ չարաշահել այն։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր MediaHub-ի հարցերին ի պատասխան՝ չհերքեց, որ կա խնդիր, և հիմա մտածում են՝ ինչպես կարգավորել ստեղծված իրավիճակը։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան