Ինչո՞վ է Ալիևը պարտական Փաշինյանին, իսկ Փաշինյանը՝ Ալիևի՞ն

Ինչո՞վ է Ալիևը պարտական Փաշինյանին, իսկ Փաշինյանը՝ Ալիևի՞ն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի:  «Հուսով եմ, որ ընտրություններում Ձեր հաջողությունից հետո, որպես հաղթական առաջնորդ, Հայաստանի հետ քննարկումները, որոնց վրա Դուք մեծ աշխատանք եք տարել, կպսակվեն խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ»,- ասված է նրա՝ Ադրբեջանի նախագահին ուղղված ուղերձում: 

Արդյո՞ք խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի, թե՞ Ադրբեջանին պետք չէ խաղաղության համաձայնագիր․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

«Էրդողանն էլ, Ալիևն էլ շատ լավ գիտեն, որ իրենք ձգտում չունեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, իրենք այլ ուղղությամբ են տանում պրոցեսը։ Նախորդ հայտարարությունները եթե հիշենք, Թուրքիայից գնահատականներ էին հնչում, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք չի, այստեղ էլ  իշխանություններն այդ հայտարարություններն օգտագործում էին ներքին լսարանին խաբելու համար։ Դրա հետ մեկտեղ՝ ներքին որոշումների կայացման շրջանակներում, դրդեցին Արցախը թողնել միայնակ, տեսնել, թե ոնց են Արցախը ոչնչացնում, հույս ունենալով, որ ճանապարհները կբացվեն և խաբեցին։ Երեխաների պես մատների վրա խաղացնում են»,- ասաց Մաթևոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ «խաղաղության պայմանագիրն» Ադրբեջանին պետք չէ շատ պարզ պատճառով, քանի որ դրա ստորագրումը «դու համարում ես անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ մաս»։

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը տեսներ, որ Հայաստանը կարող է հայտ ներկայացնել՝ վերանայելու 44-օրյա պատերազմի արդյունքները, ապա կդիտարկեր «խաղաղության պայմանագիրը»՝ որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք։

«Բայց քանի որ Հայաստանի մեջ իրենք վտանգ չեն տեսնում, իրենց «խաղաղության պայմանագիրը» պետք չի։ Սա նման է նրան, որ մուլտֆիլմերում կենդանի են բռնում, որի դիմաց գազար է կախված, իսկ ինքն այդ գազարի հետևից է գնում՝ հույս ունենալով, որ մի քիչ էլ քայլի, այդ գազարին կհասնի․․․, բայց այդ գազարը չեն տալու։ Խաբեցին, ասացին՝ «Արցախը հանձեք, միջանցք չենք պահանջի»»,- ասաց քաղաքագետը։

Իսկ հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը կշնորհավորի Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, Մաթևոսյանը պատասխանեց․ «Զարմանալի կլինի, եթե չշնորհավորի, շատ մեղմ ասած զարմանալի կլինի»։

«Երկուսն էլ միմյանց ծառայություն են մատուցում, իսկ Ալիևն առաջին անգամ պատմության ընթացքում ընտրվեց նախագահ այն պայմաններում, երբ ինքն իսկապես մրցակից չուներ և կեղծելու կարիք էլ չուներ։ Ի վերջո, Փաշինյանի շնորհիվ նա հաղթեց պատերազմը; Ալիևն իր լեգիտիմ վերընտրությամբ պարտական է Փաշինյանին, իսկ Փաշինյանն իր իշխանությանը մնալու համար պարտական է Ալիևին, ով մեր վրա վախ է վաճառում»,- եզրափակեց Մաթևոսյանը։

Մարիաննա Արամյան