Փաշինյանի միակ քաղաքական «հաղթաթուղթը»՝ հեռանալ ՀԱՊԿ-ից

Փաշինյանի նման անկանխատեսելի գործչի պարագայում՝ դժվար է հստակ ասել, թե ինչ կառուցվածք և բովանդակություն կունենա նրա այսօրվա ուղերձը: Բայց ակնհայտ է, որ նա վախեր ունի մայիսի 26-ի հանրահավաքի հետ կապված: Արդյո՞ք այս ուղերձը հնարավոր ռեպրեսիաների անոնս է, թե՞ քաղաքական լուծման նախապատրաստում: Դժվար է միանշանակ պատասխան տալը: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Եթե մի պահ ընդունենք այն վարկածը, որ Փաշինյանի ուղերձի «առաքելությունը» լինելու է Բագրատ Սրբազանի շարժման զարգացումը կանխելը, ապա այսօր նրա միակ քաղաքական «հաղթաթուղթը» լինելու է հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը հեռանում է ՀԱՊԿ-ից:
Փաշինյանը պատրաստ է նման արկածախնդրության, մանավանդ, հետո կարող է «ինքնիշխանականի» դիրքերից ռեպրեսիվ մեքենան քսի տալ «5-րդ շարասյան» դեմ:
Եվ փույթ չէ, որ նման արկածախնդրության համար չափազանց թանկ գին է վճարելու երկիրը: Սակայն դա վաղուց Փաշինյանին չի հետաքրքրում»,- գրել է նա:
MediaHub-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի ուղերձը եթեր կհեռարձակվի այսօր ժամը 21.00-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ ԱԳՆ: