Կանաչի, որն իջեցնում է զարկերակային արյան ճնշումը, արագացնում սրտի աշխատանքը, ուժեղացնում միզարտադրությունը

Սամիթն օգտագործվում է բժշկության մեջ։ Բավական է նշել, որ այն հարուստ է C վիտամինով (150 մգ %)։ Հինգ գրամ սամիթ ուտելով՝ ապահովվում է օրգանիզմի C վիտամինի պահանջի տասը տոկոսը։ Պիտանի են նրա թե՛ տերեւները եւ թե՛ սերմերը։ Փորձերը ցույց են տվել, որ սամիթը իջեցնում է զարկերակային արյան ճնշումը, լայնացնում է անոթները, արագացնում սրտի աշխատանքը եւ ուժեղացնում է միզարտադրությունը։
Գտնում են, որ այն օգտակար է նաեւ մարսողության խանգարման, անքնության, բրոնխիալ ասթմայի բուժման համար։ Սամիթի բուժիչ հատկությունը բացատրվում է նրա մեջ եթերային յուղի, մեծ քանակությամբ վիտամին C-ի, պրովիտամին A֊ի եւ այլ նյութերի առկայությամբ։ Յուղերով ավելի հարուստ են սերմերը` մոտավորապես 20%։ Սամիթի ջուրը մեծ կիրառություն ունի մանկական պրակտիկայում՝ որպես աղիներից գազերի հեռացմանը նպաստող միջոց։ Այդ պատճառով էլ դեղատներում միշտ պատրաստի վիճակում վաճառվում է սամիթի ջուր։ Այն ունի նաեւ խորխաբեր հատկություն։
Կարծիք կա, որ այն կերակրող մայրերի մոտ ուժեղացնում է կաթնարտադրության պրոցեսները։ Սամիթն անվնաս ու օգտակար բույս է եւ կարելի է օգտագործել հետեւյալ ձեւով. վերցնել մեկ ճաշի գդալ սերմ, լցնել մեկ բաժակ եռացող ջրի մեջ, 5-10 րոպե դնել թույլ կրակի վրա, քամել եւ օգտագործել սառը վիճակում` շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ` օրական 4-5 անգամ մեկական ճաշի գդալ, իսկ աղիքներում գազերի կուտակման ժամանակ` երկու անգամ՝ ուտելուց առաջ։ Մեծահասակները կարող են ընդունել նաեւ հետեւյալ ձեւով՝ 1 գրամ սամիթի սերմը լավ ծեծել, մանրացնել եւ օրական 2-3 անգամ ջրով խմել։
Սամիթը տնային պայմաններում շատ լավ կոսմետիկ միջոց կարող է հանդիսանալ, քանի որ սամիթի թերթիկները պարունակում են նաեւ մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ` բուսական հակաբիոտիկներ, որոնք դիմակների մեջ օգտագործելիս դրականորեն են ազդում բորբոքված ակնեների ու պզուկների վրա: