Հայկ Մարությանի երկու ստորագրությունն էլ չանցավ. ՔԿ-ն շարունակում է տանել-բերել սարկավագին

Հայկ Մարությանի երկու ստորագրությունն էլ չանցավ. ՔԿ-ն շարունակում է տանել-բերել սարկավագին

«Սասուն» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը տևական ժամանակ ահազանգում է, որ Երևանի Թումանյան 2-րդ նրբանցք 2 տուն հասցեում գտնվող իր տան հարևանությամբ կառուցվում է 12 հարկանի շենք, ինչն ապօրինի է: 

Ըստ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի, շենքի մի մասը կառուցվում է իր տարածքում, շենքն ընդամենը 3 մետր է հեռու լինելու իր տնից (այդ տունը նա կառուցել է 1991թ․)։ Եվ այս հարցը առաջին անգամ չէ, որ բարձրացնում է սարկավագը։ Այսօր էլ հերթական անգամ կանչվել է ՔԿ:

MediaHub-ը զրուցեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հետ՝ ճշտելու, թե ինչու է հրավիրվել Քննչական կոմիտե և ի՞նչ նորություն կա իր խնդրով:

«Արդեն 4-5 տարի է ապօրինի ձևով տունս քանդել են, ուզում են ես այստեղ չապրեմ և ինչպես միշտ իրենց բիզնեսի համար։ Տարբեր ատյաններ դիմել եմ՝ Հակակոռուպցիոնում գործ կա, ՔԿ-ում գործ կա, դատարանում գործ կա։ Արդեն իմ մասնագիտական արվեստը թողել եմ, հոգևոր աշխարհը ևս։ Այնպիսի նրբություններ կան, անգամ չես կարողանում ձայնդ բարձրացնես։ Հայկ Մարությանն էլ, փաստաթղթեր կան կեղծիքների հետ կապված, կնիքների վրա դրել ա տարբեր ստորագրություններ, գտել եմ, հանել եմ, ուղղարկել եմ ՔԿ, հետո Հակակոռուպցիոն։ Հակակոռուպցիոնը կանչել ա Հայկ Մարությանին, խոստովանել ա, որ երկու ստորագրություններն էլ իրենն են»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Ըստ նրա՝ ՔԿ-ից ասում են, որ Մարությանը խոստովանել է, դրա համար պետությունը ձեռաբանական փորձաքննություն իրականացնելու ծախսերն անիմաստ է համարում: Նրա խոսքով՝ հարցագործին բերել է, բայց ոչինչ չեղավ։ Իսկ քննիչը հարցնում է՝ ի՞նչ ակնկալիք ունեք։ Եվ ահա հերթական անգամ՝ այսօր, անսպասելի ՔԿ են կանչել իրեն։

«Իմ տունը Հայաստանում է, ես համարում եմ ինձ Հայաստանի փոքր մոդել։ Վարչապետից սկսած ցանկացած մասնագետ, դատավոր, անձ թող գա իմ տունը նայի ու եզրակացություն անի, եթե օրենքն այդպիսին է, թող գան նայեն և ոչ թե օրերով ու տարիներով հասցնեն «ինֆարկտի»»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Հավելեց՝ գործը քանի տարի է ձգվում է, ինքն էլ քանի տարի է պահանջում է արդարություն:

Մարիաննա Արամյան