ՀՀ-ն պետք է կոնսենսուս գտնի տարածաշրջանի գործընթացներին մասնակցող բոլոր երկրների հետ. հայացք ՌԴ-ից

ՀՀ-ն պետք է կոնսենսուս գտնի տարածաշրջանի գործընթացներին մասնակցող բոլոր երկրների հետ. հայացք ՌԴ-ից

Օրերս ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացու հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան որպես օկուպացված տարածքներ, պատասխանեց, որ Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ 

Այս աղմկահարույց հայտարարությանն արդեն բավականին կոշտ արձագանքել են երկու Աբխազիայի և Օսիայի նախագահները:

Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք այս հայտարարությունն էլ ավելի կբարդացնի հայ-ռուսական հարաբերություները, որոնք այսօր խորը ճգնաժամի մեջ են:

Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։

«Իհարկե, երկու անկախ պետությունների հարաբերությունները կարգավորվում են երկկողմ հարաբերություններով։ Այսինքն՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը անկախ պետություն է։ Իհարկե, երկկողմ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, բայց, մյուս կողմից, պետք է հասկանալ, որ նման հայտարարություններն ազդեցություն կունենան Հարավային Օսիայի դիրքորոշման վրա»,- ասաց Սապրիկան։

Ռուս քաղաքագետը նշեց, որ անհրաժեշտ է նաև դիտարկել այն բարեկամական հարաբերությունները, որոնք Հայաստանի ժողովուրդն անմիջականորեն ունի Հարավային Օսիայի և Վրաստանի հետ։ 

«Ռուսաստանը ճանաչել է այս պետության և այս տարածքի անկախությունը, որը Ռուսաստանի մաս չէ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը դեռևս չլուծված խնդիրներ ունի։ Մենք վերջերս Ադրբեջանից հայտարարություններ ենք լսել, որտեղ ասվում էր, որ Հայաստանի նկատմամբ դեռ տարածքային պահանջներ կան։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է արագ փորձի կոնսենսուս գտնել տարածաշրջանի գործընթացներին մասնակցող բոլոր երկրների հետ»,- ասաց նա։

Ռուսաստանցի քաղաքագետը նշեց նաև, որ եթե նայենք Վլադիմիր Պուտինի գործողություններին, նա հստակ և կոնկրետ հասկացրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները կկատարվեն։ «Մի կողմից տեսնում ենք Հայաստանի առաջնորդի որոշակի քաղաքական անհիմնություն և կողմնակալություն։ Մյուս կողմից՝ ակնհայտ է տնտեսական ներուժը երկրների միջև»։ 

«Բայց կարծում եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի համար ապագայում անհրաժեշտ է հավատարիմ մնալ դաշինքի գծին՝ առաջին հերթին Եվրասիական տնտեսական միությանը, երկրորդը՝ ՀԱՊԿ-ին։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը դառնում է Ուկրաինա-2, ինչպես կանխատեսում են շատ քաղաքագետները։ Երբ Հայաստանը համեմատում են Ուկրաինայի հետ, պետք է հասկանալ, որ Ռուսաստանը Ուկրաինայում պաշտպանում է ռուսալեզու բնակչության և նաև էթնիկ ռուսների շահերը։ Հայաստանում նման իրավիճակ չկա։ Իսկ Հայաստանն այս քայլերով մոտենում է մի երկրի, որն ապագայում կարող է դառնալ ոչ դաշնակից և ոչ էլ բարեկամ երկիր։ Բայց Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական գործողություններ կանխատեսելը բացարձակապես անհիմն է»,- եզրափակեց Սապրիկան։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի մասով ՄԱԿ-ում մինչև 2019 թվականը և դրանից հետո Հայաստանի քվեարկությունները շատ տեսանելի և որոշակի տարբերություններ են արձանագրել, ինչի կապակցությամբ եղբայրական պետության՝ Վրաստանի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են արտահայտել։ 

«Մենք լիարժեք և միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը»,- մասնավորապես ասել էր Փաշինյանը:

Մարիաննա Արամյան