Դիմելու ենք գլխավոր դատախազին և պահանջենք քրեաիրավագիտական գնահատական Արթուր Հովհաննիսյանի պահվածքին. Թովմասյան

Երեկ տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր և ես համարում եմ, որ ՄԻՊ թեկնածուի ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նրա խոսքով՝ ՔՊ-ականները խախտել են պատգամավորի էթիկայի վարքականոնների բոլոր հնարավոր նորմերը:
«Մենք քննարկել ենք և առաջին քայլը, որ արվելու է, դիմելու ենք գլխավոր դատախազին և պահանջենք քրեաիրավագիտական բնույթի գնահատական, որովհետև Արթուր Հովհաննիսյանի կոնկրետ արարքներում կար հանցակազմ և նա պիտի պատժվի: Այն սպառնալիքները, որոնք նա անթաքույց հնչեցնում էր պատգամավորների ներկայությամբ թեկնածուի հասցեին, այդ թվում և իմ՝ նա պետք է պատժվի»,- ասաց Թովմասյանը:
Գլխադասային հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ երկրորդ քայլը, որն իրականացնելու են, ուղարկել են միջազգային գործընկերներին այդ նիստի տեսագրությունը, որպեսզի հասկանան, թե ժողովրդավար Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին ինչ մթնոլորտում է առաջադրվում իշխանության թեկնածուն կամ ինչ մթնոլորտում է մերժվում ընդդիմության թեկնածուն:
«Մենք գործ ունեինք փողոցային վարքագծի դրսևորման հետ ու դա չպիտի մնա անպատիժ, նաև միջազգային իմ գործընկերների մակարդակում: Ես խնդրելու եմ միջազգային իմ գործընկերներին տալ գնահատական և բոլոր հնարավոր զեկույցներում զետեղել, թե ինչպիսին չպիտի լինի պատգամավորը»,- հավելեց Թագուհի Թովմասյանը:
Հիշեցնենք, երեկ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն անցավ շատ լարված մթնոլորտում, որի հեղինակները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին եւ հատկապես Արթուր Հովհաննիսյանը: Վերջինս սպառնալիքներ ու վիրավորանքներ հնչեցրեց ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին՝ դրսևորելով ագրեսիվ ու պատգամավորին ոչ հարիր վարք: