Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
Պրահայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի առաջին նիստն էր հրավիրել՝ ընդլայնված կազմով։ Բացի ԱԽ հիմնական անդամներից, հրավիրված էին ՀՀ նախագահը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Տեղեկություններ կան, որ Փաշինյանը փորձում է գլխատել Արցախի իշխանությունը, հասնել Հարությունյանի հրաժարականին, որ հետո հնարավոր չլինի նախագահ ընտրել, եւ պետական կառույցները պարալիզացվեն, Արցախը դառնա անգլուխ մարմին։ Պատահական չէ, որ օրերս Ստեփանակերտում տեղի ունեցած ակցիաների կազմակերպիչներից մեկը ՀՀ իշխանությունների հետ կապեր ունեցող Տիգրան Պետրոսյանն էր։
«Հրապարակ» թերթը գրում է․
Չարենցավանի վերընտրված քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, տեղեկացրել էինք, որ մտադիր է ազատվել իր ՔՊ-ական տեղակալ Հարություն Ղազանչյանից ու նշանակել թիմակցին՝ Սեւակ Վարդանյանին։ Ղազանչյանին, հիշեցնենք, 1 տարի առաջ ՔՊ-ն «նշանակեց» փոխքաղաքապետ՝ հույսով, որ նա Շահգալդյանի տակը կփորի, որ հետո ինքը դառնա քաղաքապետ։ Բայց ՔՊ-ականների հաշվարկները սխալ դուրս եկան․ Ղազանչյանը չարդարացրեց ՔՊ-ի հույսերը եւ դավադրության չգնաց քաղաքի իշխանության դեմ։
«Հրապարակ» թերթը գրում է․
Հավաքական Արեւմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է մինչեւ տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ըստ մեր աղբյուրի՝ հարցը քննարկվել է նաեւ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, փակ դռների ետեւում։ Կան տեղեկություններ, որ Ալիեւն առաջարկել է պայմանագիրը ստորագրել նոյեմբերի 9-ին։
«Հրապարակ» թերթը գրում է․
ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ, Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանի գլխին մութ ամպեր են կուտակվում։ Նա մարզում կատարվող մեծ ծավալի բոլոր աշխատանքները, որոնք կապված են կոմբինատի ֆինանսավորման հետ, իրականացնում է իր եւ մտերիմների ընկերությունների միջոցով: Օրինակ, «Նար-Ար» անվանումով ճանապարհաշինարարական ընկերություն է բացել։ Մեզ ասացին, որ Բաբայանի գործունեության մասին տեղյակ են նաեւ իշխանության վերին էշելոնում։ Տեղեկատվությունը փոխանցելու «սուրբ» գործն իր վրա է վերցրել նրա զարմիկը՝ պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Խորհրդավոր պայմաններում գլխավոր տնօրեն փոխած «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն՝ «Վիվա ՄՏՍ»-ը, ըստ «Սիվիլնեթ»-ի, վաճառքի է հանվել: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 22-ին «Վիվա ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը անակնկալ կերպով հեռացավ պաշտոնից, լուրեր կան՝ նաեւ Հայաստանից, եւ տնօրեն նշանակվեց ներսից Արմեն Ավետիսյանը: Այս հեռացումն իհարկե շատ հարցեր է առաջացրել, որոնց կանդրադառնանք առաջիկայում, բայց երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «ՄՏՍ Արմենիա» ընկերությունից պարզել, թե ինչու են վաճառում, որքան արժեն ընկերության բաժնետոմսերը, եւ ով է հավանական գնորդը, սակայն այդպես էլ պատասխան չստացանք. խոստացան այսօր մանրամասնել: Մինչ այս փորձագիտական հանրույթն այս վաճառքի մասին տեղեկությունը համարում է որպես օդի մեջ եղած խոսակցություն այն պարզ պատճառով, որ իրականում վաճառքը, եթե նույնիսկ լինի, արհեստական մի գործընթաց է լինելու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հոկտեմբերի 7-ին՝ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի՝ մի քանի ժամում ԲԴԽ նախագահ նշանակվելուց հետո, խորհրդում լարված խոսակցություններ են սկսվել անդամների միջեւ, որից 3 օր անց ազատման դիմում գրեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
Ակնհայտ է, որ Գրիգոր Բեքմեզյանը իր հայտարարությամբ փաստեց, որ ԲԴԽ-ն անկախ մարմին չէ, եւ ինքը չի ցանկանում մաս դառնալ այն գործընթացների, որոնք սպասվում են դատական համակարգում: ԲԴԽ-ում այսքանով ազատումները չեն ավարտվելու:
«Փաստ» օրաթերթը գրում է.
«2018 թվականի իշխանափոխությունից հետո որոշ ժամանակ մասնագիտական շրջանակները Հայաստանի Կենտրոնական բանկը, ընդհանուր տնտեսական կառավարման բլոկի համեմատ, համարում էին առավել ադեկվատ: Սակայն վերջին շրջանում նույն տնտեսագետներն ու փորձագետները, շատ մեղմ ասած, տարակուսած են այն քայլերից, որ իրականացնում են ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ու ԿԲ-ն ընդհանրապես: Առաջին խնդիրը, որ նշում են տնտեսագետները, վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերաբար բարձրացումն է: ԿԲ-ում բացատրում են, որ դրանով գնաճն են զսպում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հայկական աղի արտադրությունը զգալի նվազել է, պաշտոնական տվյալներով՝ 40.2 տոկոսով: Պատճառը ներմուծման ծավալների ավելացումն է: Նշենք, որ աղ Հայաստան մտնում է հարեւան Իրանից եւ ավելի էժան է, քան տեղականը: Ըստ «Աղի կոմբինատ»-ի տվյալների՝ մեր հանրապետություն մտնում է իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղ, որը իրացվում է որպես կերակրի աղ: Անգամ առեւտրի որոշ կետերում անարգել վաճառվում են հայկական աղի փաթեթավորման նման տուփով իրանական աղ՝ սրանով սպառողին մոլորեցնելով:
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայ-ադրբեջանական բանակցությունների և վերջին պաշտոնական հանդիպումների ֆոնին, ինչպես նաև Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան և Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո բուռն զարգացումներ են տեղի ունենում նաև հայկական Սփյուռքում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Սփյուռքի մի շարք հայաշատ քաղաքներում մեծ դժգոհությամբ են ընդունել տեղի ունեցող բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունների պարտվողական ու զիջողական քաղաքականության շարունակականությունը, ինչպես նաև Արցախի հարցից փաստացի «ձեռքերը լվանալը»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ռազմարդյունաբերական համալիրում լուրջ դժգոհություններ կան կառավարությունից, մասնավորաբար տեղական ռազմարդյունաբերության նախագծերը չեն ֆինանսավորվում: Տնտեսագետ Կարեն Ադոնցը կարծում է, որ նման ձևով ռազմարդյունաբերություն զարգացնել ուղղակի հնարավոր չէ:
«Իրավունք» թերթը գրում է.
«Քննչական մարմիններին մոտ կանգնած աղբյուրները շշնջում են այս ու այն կողմ, որ շուտով մեղադրանք է առաջադրվելու Օնիկ Գասպարյանին, ու ոչ թեթեւ մեղադրանք: Ասում են, որ Օնիկ Գասպարյանը արդեն իսկ հասցրել է վկայի կարգավիճակով մի քանի անգամ հարցաքննվել, սակայն, նրա «կռուտիտները» չեն անցել: