Ալեն Սիմոնյանն ու ԳԴՀ պատվիրակությունը քննարկել են տարածաշրջանում տևական խաղաղությանն առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու ԳԴՀ պատվիրակությունը քննարկել են տարածաշրջանում տևական խաղաղությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մեծապես կարեւորվել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը:

Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջեւ արդեն իսկ համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթերին: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել երկրամասի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի գոյությունը՝ հայցելով խորհրդարանականների աջակցությունը կենտրոնի գործունեության շարունակականության ապահովման համար: Գերմանացի գործընկերները նշել են, որ կենտրոնին առնչվող հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են՝ ներկայացնելով դրա կենսագործունեության ուղղությամբ արդեն իսկ տարված աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են 2022 թ. նոյեմբերի 17-ին Լանդթագում նախատեսվող «Հայաստանի օր» միջոցառմանը՝ վստահություն հայտնելով, որ այն կամրացնի հայ-գերմանական համագործակցությունը: Գերմանական կողմի ներկայացուցիչների հավաստմամբ՝ այդ նախագիծն իր բնույթով առաջինն է, եւ Հայաստանն ընտրվել է որպես բարեկամ եւ ժողովրդավարական արժեքներ կրող երկիր: «Մեզ մոտ ընդունված է ասել՝ մենք շուտ ենք արթնանում: Սա նշանակում է, որ օպերատիվ ենք եւ կարողանում ենք արագ արձագանքել բոլոր հարցերին»,-նշել է Գուննար Շելլենբերգերը՝ ի պատասխան հեռանկարային համագործակցության հետագա ծրագրերի:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տեւական խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող, 44-օրյա պատերազմին հաջորդող մարդասիրական խնդիրներին վերաբերող հարցեր: