Արցախի կառավարությունը թշնամուն է հանձնված․ հանձնված չլինեին, կպայքարեին․ Արթուր Օսիպյանը՝ Հայաստանն Արցախի հետ կապող գործող ճանապարհը հանձնելու մասին

Արցախում կառավարություն չկա, կառավարությունը թշնամուն է հանձնված, հանձնված չլինեին, կպայքարեին միջանցքի համար, ոչ թե կգնային, ժողովրդին համոզեին, թե բնակարանները մի վառեք, Ալիևին ինչ-որ խնդիրներով չէին դիմի, չկա կառավարություն, հանցագործներ են։
Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը՝ խոսելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացված հանրահավաքի մասին։ Նշենք, որ քաղաքացիները հրապարակում հավաքվել էին Հայաստանն Արցախի հետ կապող գործող ճանապարհը պահելու պահանջով։
«Ադրբեջանն ուզում է, որ այստեղ ռուս խաղաղապահներ չլինեն, հայկական կողմն էլ հանգիստ ենթարկվում է։ Ալիևը ցույց է տալիս, որ խաղաղապահների առկայությունն Արցախում անիմաստ է։ Այստեղ արդեն ինքնասիրության հարց է, մի երկիր, որը պուրակ է սարքում մեր զինվորներին վիրավորելու ու ծաղրելու համար, մենք նրա հանձնարարականներն ենք կատարում, մենք ո՞նց ենք իրենց հետ բանակցում, զիջումների գնում»,-ասաց նա։
Ըստ Օսպիպյանի՝ այն պահվածքը, որն ունի Արցախի իշխանությունը, ազգի դավաճանի վարքագիծ է։ «Որոշակիություն չկա, Արցախը գցում է Հայաստանի վրա, թե ՀՀ-ում են որոշել հանձնել, ՀՀ-ն ասում է՝ տեղյակ չեմ, Ռուսաստանն իր վրայից է գցում, Ադրբեջանն էլ ասում է՝ Արցախն է համաձայնել։ Ախր, այնքան ակնհայտ է, որ ամեն ինչ վաճառել են թշնամուն, այս պատմությունը դրա ապացույցն է։ Մենք հիմա առանց կապի ենք, առանց լույսի, առանց գազի, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, եթե սա էլ չի օգնում, պիսի սպասենք, տեսնենք, թե Ադրբեջանը երբ է լավ ճնշում, որ արցախցին ոտքի կանգնի ու պայքարի, եթե չպայքարի, պարզ է, որ դեպի վերացման ենք գնում»։
Լիաննա Թորոսյան