Ուշագրավ մանրամասներ՝ դատավոր Արշակ Պետրոսյանի մեքենայի խուզարկությունից

Ուշագրավ մանրամասներ՝ դատավոր Արշակ Պետրոսյանի մեքենայի խուզարկությունից

MediaHub-ը մի քանի օր առաջ գրել էր, որ մեզ ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել ապրիլի 10-ին կատարված 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու գողության փաստով։

Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ այս գործով իրավապահները խուզարկել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վոլոդյայի Պետրոսյանի ավտոմեքենան և նրանում խոշոր չափի գումար և թմրանյութի նմանվող զանգված են հայտնաբերել։

Մասնավորապես, դատավոր Արշակ Պետրոսյանի մեքենայի հետևի նստատեղից հայտնաբերել են 15 մլն ռուբլի գումար (30 հատ 5000 ռուբլիների կապոց), իսկ բեռնախցիկից՝ թմրանյութի նմանվող զանգված (մոտ 500 գրամ)։

Մենք այս դեպքով հետաքրքրվեցինք իրավապահ կառույցներից, թե դատավորի մասով որևէ վարույթ կա՞ նախաձեռնած, և, օրինակ, դատավորին մեղադրանք առաջադրվե՞լ է, արդյոք, ունի՞ նա որևէ կարգավիճակ, թե՞ ոչ, սակայն որևէ հոդաբաշխ պատասխան կամ հաստատում չստացանք։

Ավելի ուշ տեղեկացանք, որ Արշակ Պետրոսյանին, իրականում, որևէ ձևով չեն ներգրավել այս գործում, նրան մեղադրանք չեն առաջադրել գողացված գումարն ու թմրանյութը կամ թմրանյութի նմանվող զանգվածն իր մեքենայի մեջ պահելու համար, ինչն առնվազն տարօրինակ է։

Օրեր անց MediaHub-ին նոր տեղեկություններ հասան, թե ինչ հանգամանքներում են այդ գումարն ու ենթադրյալ թմրանյութը հայտնվել դատավոր Արշակ Պետրոսյանի ավտոմեքենայում։ Պարզվում է՝ վերոնշյալ ոսկու գողության համար կասկածվող անձանցից մեկը դատավոր Արշակ Պետրոսյանի սանիկն է, որն էլ գողոնի մի մասը և դրա հետ մեկտեղ՝ փաթեթով թմրանյութը տվել է Պետրոսյանին՝ խնդրելով, որ վերջինս պահի իր մեքենայում, հետո «կինը կգա, կվերցնի»։ Պետրոսյանն էլ համաձայնել է՝ առանց ճշտելու, թե փաթեթների մեջ ինչ կա։ Այդ ընթացքում իրավապահ մարմինները քրեական վարույթի շրջանակներում գաղտնալսելիս են եղել Պետրոսյանի սանիկին և երբ լսել են նրանց խոսակցությունը, որոշել են խուզարկել դատավորի մեքենան։ Դատավորն էլ, տեղեկանալով այդ մասին, ինքն է առաջ անցել և խնդրել իրավապահներին՝ գալ և շուտափույթ խուզարկել իր մեքենան։ Ընդ որում, մեզ ասացին՝ մի քանի օր շարունակ դատավորը սպասել է, որ իրավապահները գան խուզարկության, սակայն չեն եկել։ Հետո, Քննչական կոմիտեն, ստանալով ԲԴԽ-ի համաձայնությունը, որ իրավունք ունենա խուզարկելու դատավորի մեքենան, եկել, խուզարկել է, հայտնաբերել է վերոնշյալ գումարն ու թմրանյութը, ապա հարցաքննել է դատավորին ու բաց թողել՝ առանց որևէ մեղադրանք առաջադրելու։

Իրավապահները, հավանաբար, հավատացել են, որ դատավորը կապ չունի այդ ապրանքի հետ և նրան որևէ ձևով չեն ներգրավել «դարի կողոպուտի» գործում, որի թելերը շատ հեռուն են տանում։

Ու հենց դա է եղել պատճառը, որ աղմուկ չի բարձրացել այս մասով, և իրավապահ որևէ կառույց ո՛չ հաղորդագրություն է տարածել, որ դատավորի մեքենա են խուզարկել, ո՛չ էլ մեկնաբանել են կատարվածը։

Վահե Մակարյան