Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը

Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը

Երևանում հոկտեմբերի 21-ին մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար ժամանել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աղբյուրներն ու մեխանիզմները, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման, միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման հարցերը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջկառավարական խորհրդի անդամներին կտեղեկացնի գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախապատրաստման ընթացքի, ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման, Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում ռուսական արդյունաբերական գոտու գործունեության և այդ շրջանակներում ԵԱՏՄ երկրների մասնակցության հնարավորությունների մասին: