Ալիևի լկտի դրսևորումը, Փաշինյանի քարոզչական խաբկանքը

Ալիևի լկտի դրսևորումը, Փաշինյանի քարոզչական խաբկանքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ին ոչ թե սահմանադրական բարեփոխումներ են պետք, այլ նոր Սահմանադրություն: 

Սա կարծես հերթական ապացույցն է, որ Փաշինյանն ու Ալիևը գործում են սինխրոն: Ի վերջո, այս ամենով ուղղակի ժամանա՞կ են ձգում, պատերա՞զմն են մոտեցնում: Ալիևի հերթական ուլտիմատուկային հայտարարության շուրջ MediaHub-ը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

«Բաքվի բարբարոսական վարչախումբը որևէ պարագայում կանգ չի առնելու։ Եթե նույնիսկ Սահմանադրությունն էլ փոխվի, միևնույն է կանգ չի առնելու, հաջորդ պահանջն է ի հայտ գալու։ Այս հայտարարությունը լկտի դրսևորում է և ՀՀ ներքին գործերին խառնվելու հերթական եղանակ։  Բաքվի նպատակն է տարբեր փուլերում սեփական նախանշած, կարմիր գծերը խախտելը։ Հայաստանի համար մեր Անկախության հռչակագիրը ծննդյան վկայական է, Սահմանադրությունը հղում է կատարում ՀՀ Անկախության հռչակագրին, և դա նույնն է, որ ինչ-որ մեկի անձնագրում նրա անունը արձանագրված լինի այնպես, ինչպես ծծնդյան վկայականում է։ Եթե մենք վերացնում ենք մեր Հանրապետության ստեղծման առաջնային փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրը, ապա Հանրապետությունը ինքնին դադարում է գոյություն ունենալ»,- ասաց Ոսկանյանը։

Ըստ քաղաքագետի, պատերազմը հենց հիմա ընթանում է։ Մերձավոր արևելյան տարածաշրջանում ցավալիորեն խաղաղության ժամանակահատվածները շատ կարճ են տևում և այս ժամանակահատվածները, որպես կանոն, օգտագործվում են պատերազմին պատրաստվելու համար։ Ադրբեջանը այս տարիներին պատրաստվում էր մեր դեմ պատերազմին և փորձը ցույց է տալիս, որ դա է աշխատողը։

«Եթե Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետության փոխարեն գրեք «Էրմենիստան ռեզերվացիա» կամ «Արևմտյան Ադրբեջան», անգամ այդ դեպքում Բաքվի բռնապետը չի դադարելու հավակնություններ ներկայացնել։ Ադրբեջանի պահանջների սահմանը հայ-թուրքական այսօրվա սահմանագիծն է, այսինքն, ամբողջ ՀՀ-ն անխտիր։ Արցախը թշնամու կողմից բռնազավթելուց հետո մենք ստացել ենք ռազմական իմաստով բավականին լուրջ խնդիր, կոմունիկացիաների խնդիր, որովհետև, ըստ էության, Հայաստան-Իրան կապող միակ մայրուղին հանձնվել է թշնամուն և հիմա էլ խոսում են «անկլավների» մասին, որոնք, օրենքով սահմանված, Հայաստանի հող են»,- ասաց Ոսկանյանը։

Նա եզրափակեց, որ տարիներ շարունակ քարոզում էին, որ Արցախը ՀՀ համար բեռ է, Արցախը տանք լավ կապրենք.

«Հիմա Արցախը բռնազավթված է. հայաստանցին սկսել է լա՞վ ապրել, ակնհայտ է, որ ոչ։ Հետևաբար, քարոզը, որը իրականացվում էր, խաբկանք էր»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մարիաննա Արամյան