Պեմզաշենի դաժան սպանության գործով Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքը երկու ամսով երկարաձգվել է

Պեմզաշենի դաժան սպանության գործով Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքը երկու ամսով երկարաձգվել է

2 ամսով երկարացվել են Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքի ժամկետները։ Mediahub.am-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

MediaHub-ը հիշեցնում է, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։ 

Վրույրն ու Արկադին առերեսվել են, առերեսման ժամանակ Վրույրն Արկադիին ասել է՝ դու հետս ես եղել։ Նոր բան չէ, շուտ է եղել, բայց նորից է առերեսում է լինելու։ Այս մասին այսօր MediaHub.am-ին հայտնել էր  Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը։

 Դիտարկմանը, թե ավելի վաղ Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների սպանության գործով անցնող Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը MediaHub-ին ասել էր, թե միջնորդել է, սակայն մինչև հիմա առերեսում չի եղել՝ Սևակ Մելիքսեթյանը պատասխանել էր. «Ստո՛ւմ է: Չգիտեմ, թե ինչ նպատակ ունի այդ փաստը թաքցնելը, բայց ստում է։ Գործի ընթացքը նորմալ է, իր հունով գնում է»,-ասել էր նա։ 

Հարցին, թե Բարսեղյանների տան առաջ հսկողությունը շարունակվո՞ւմ է, վերջինս պատասխանել էր՝ այո։ 

«Այստեղ հարցը միայն ես չեմ, ես չեմ պատրաստվում ոչինչ անել, բայց գյուղում միայն ես չեմ, գյուղացիների տրամադրվածությունն էլ չի փոխվել»։ 

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում.