Ուր է շտապում Խաչատուր Սուքիասյանը, Հայկ Մարությանի թիմակիցն իրենից հարուստ է. Մամուլը՝ սուրճով

Ուր է շտապում Խաչատուր Սուքիասյանը, Հայկ Մարությանի թիմակիցն իրենից հարուստ է. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, Հայաստանը սրընթաց փոխում է իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը` հեռանում է Ռուսաստանից եւ նվազագույնի է հասցնում ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին անդամակցությունը՝ միաժամանակ ակտիվությունն ավելացնելով արեւմտյան հարթակներում, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում։ Հայաստանի կառավարությունից երեկ հաղորդեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հաջորդ շաբաթ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ-ի խորհրդի նիստին: 

Հիշեցնենք, որ Եվրամիությունը որոշել է ընդլայնել Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելությունը, ակտիվացնել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քննարկումները։ Այսպիսի ոչ այնքան շոշափելի եվրոպական աջակցության դիմաց Նիկոլ Փաշինյանը սկսել է բոյկոտել ռուսական ֆորմատները, սակայն այս հակառուսական քաղաքականությունը, մեր տեղեկություններով, միանշանակ չեն ընդունում նրա որոշ թիմակիցներ։ Իշխանամետ գործարարների, փորձառու գործիչների որոշ շրջանակ կարծում է, որ այս հակառուսական ավանտյուրիզմը լավ տեղ չի տանելու, հատկապես որ Արեւմուտքը չի պատրաստվում զբաղեցնել ՌԴ-ի դերը Հայաստանի կյանքում՝ ռազմավարական դաշնակցի եւ անվտանգության երաշխավորի եւ տնտեսական գործընկերոջ կարգավիճակում: Արեւմտյան քաղաքականության նպատակը պարզ է` ՌԴ-ին դուրս մղել Կովկասից, իսկ ի՞նչ ենք ստանալու մենք։

Վարչապետի աշխատակազմը պատճառները չի հստակեցնում, թե ինչու Փաշինյանը չի մեկնում Մինսկ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մեր հարցին` ինչպե՞ս եք մեկնաբանում այս բոյկոտը, հորդորեց հարգել կառավարության որոշումը․ «Դուք պետք է հարգեք Հայաստանի Հանրապետության ցանկացած որոշում՝ գործադիրի, օրենսդիրի եւ մնացածի, եւ ես խնդրում եմ` այն, ինչ մենք դարերով եղել ենք, եկեք պաշտպանենք ՀՀ շահերը։ ՀՀ քաղաքացին ձայն է տվել այս իշխանություններին, ձեւավորվել է կառավարություն, որն էլ կայացնում է այս որոշումները»։ Իսկ Դուք անձամբ համամի՞տ եք կառավարության այս որոշումներին։ Սուքիասյանը խուսափեց ուղիղ պատասխանից․ «Ես արդեն ասացի, շտապում եմ, չեմ կարող այլ հարցերի պատասխանել»։

Փոխարենը ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը գաղտնազերծում է, որ Մինսկ չմեկնելու որոշման հիմքում այդ դաշինքից հայկական կողմի դժգոհությունն է, ինչի մասին Երեւանն արդեն տեւական ժամանակ բարձրաձայնում է: Փաշինյանն անցած ամիս չմեկնեց նաեւ Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին: Հայաստանի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես բոյկոտում են ՀԱՊԿ, ԱՊՀ նիստերը՝ կրկին առանց հիմնավորումներ ներկայացնելու: Սակայն Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում էլ չի կայացնում: «Ձեր ասածն այն է, որ եթե մեկ, երկու, երեք, չորս, հինգ նիստի չմասնակցեցիր, վեցերորդ քայլով պիտի դո՞ւրս գաս այդ կառույցից, դա՞ է ձեր տրամաբանությունը: Ասացի` որն է խնդիրը՝ այն խնդիրները, որոնք որ մատնանշվել են, այդ խնդիրներին պատշաճում է այս վարքագիծը»,- ասաց Եղոյանը:

Բացի ՀԱՊԿ նիստերը բոյկոտելուց, ամիսներ առաջ Հայաստանը հրաժարվել էր կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, ապա ետ էր կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին ու մինչ օրս նորին չի նշանակել։ Տարեսկզբին էլ հրաժարվեց զորավարժություններից։

ՔՊ-ում հույս ունեն այս նեղացկոտ ու «կամակոր» քաղաքականությամբ Ռուսաստանին «դարձի՞ բերել»․ հարցին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը կտրուկ պատասխանեց․ «Ամենեւին: Սա ընդամենը մեր պատասխանն է իրողություններին, բա չպատասխանե՞նք։ Մեզ հարց տան՝ Ջերմուկը հայկական քաղա՞ք է, մենք պիտի ճշտե՞նք` Ջերմուկը Խորհրդային Հայաստանի մեջ է եղել, թե չէ՞, խոսքը չի գնում այս կամ այն թփի մասին, խոսքը գնում է Ջերմուկ քաղաքի մասին, որտեղ տասնամյակներ շարունակ հանգստացել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները»։ Աղազարյանը նկատի ունի ՀԱՊԿ-ի «տարօրինակ» պահվածքը 2021 թ. թշնամու` Ջերմուկ ներխուժելուց հետո։

Մյուս կողմից՝ Հայաստանն ակտիվություն է դրսեւորում արեւմտյան հարթակներում, ինչը խանդով են ընդունում ՌԴ-ում: Արդյո՞ք այս պահվածքով մենք Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունն ակամայից չենք բերում Հայաստան, ինչը կարող է կործանարար լինել մեզ համար։ «Եթե մեր դաշնակիցը խնդիրներ ունի՝ ուկրաինական պատերազմով պայմանավորված, եւ չի կարողանում կատարել իր պարտականությունները, մեր տված գումարների դիմաց անգամ զենք չի մատակարարում, մենք չմտածե՞նք մեր ապահովության, անվտանգության մասին եւ այլ ճանապարհներով լուծենք։ Ոչ մի բան ՌԴ-ի դեմ չի արվում, ամեն բան արվում է ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու համար»,- վստահեցնում է Աղազարյանը։

Իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է, որ խոսքը գնում է ոչ թե Հայաստանի անվտանգային համակարգի լրացման, այլ ճամբարափոխության մասին, որը շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար: «Մենք փոխում ենք ճամբարն այն ժամանակ, երբ ակնհայտորեն գոյություն ունի Ռուսաստան-Արեւմուտք հակամարտություն: Բոլորը տեսնում են, որ մենք ՌԴ-Արեւմուտք հակամարտությունը բերում ենք մեր տարածք, եւ սա կործանարար հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար, իրավունք չունենք այդ հակամարտության զոհը դառնալ... մեր թշնամիներն այդ հակամարտությունն ի շահ իրենց են օգտագործել, իսկ մենք այդ հակամարտությունը բերում ենք մեր տուն»:

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական առումով աշխարհում մեծ խնդիր է լուծվում ՌԴ-Արեւմուտք հակամարտության ընթացքով, ինչպես այն կավարտվի, ըստ այդմ էլ կլինի նոր աշխարհը:

Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իշխանության քաղաքականությունը տանում է նրան, որ Արեւմուտք-ՌԴ հակամարտությունն իր լուծումները գտնի Հայաստանում եւ ի հաշիվ հայերի:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանի եկամուտները գերազանցում են կուսակցության ղեկավար Հայկ Մարությանի եկամուտները։

Գրիգորյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 2 անհատական բնակելի տուն եւ 1 հողամաս։

Անհատական բնակելի 2 տները գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին, մյուսը՝ 2022 թվականին։ Բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարաններից մեկը ձեռք է բերվել 2016 թվականին Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2022 թվականին Կենտրոն վարչական շրջանում։ Հողամասը 2019 թվականին ձեռք է բերվել Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում։

Գրիգորյանը 2021 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 2017 թվականի արտադրության, Nissan մակնիշի։

Նրա բաժնային արժեթղթերը եւ այլ ներդրումները կազմել են 605 հազար ԱՄՆ դոլար եւ 50 հազար դրամ։

Որպես այլ ներդրումներ Գրիգորյանը նշել է «Ամազոն» եւ «Գուգլ» ընկերությունները, որոնցից համապատասխանաբար ստացել է 125 հազար եւ 175 հազար ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ նա մասնաբաժին ունի նաեւ այս ընկերություններում։

Նրա բանկային ավանդները կազմել են 125 հազար ԱՄՆ դոլար, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 30 մլն դրամ, 250 հազար եվրո, 780 հազար ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 14 մլն դրամ, 55 հազար ԱՄՆ դոլար։

Գրիգորյանի՝ հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 477 մլն 503 հազար դրամ, որից դրամով ստացած միակ եկամուտը դա 75 հազար դրամն է Երեւանի քաղաքապետարանից։

963 հազար ԱՄՆ դոլար Գրիգորյանը ստացել է գույքի օտարումից, գործարքի մյուս կողմը եղել է «Ֆինեքս Էնթերփրայզիս Ինք» ընկերությունը, սակայն այդ մասին այլ մանրամասներ նշված չեն։

Գրիգորյանն ունի նաեւ մասնաբաժին «Գրիգորյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում, որի տնօրենն է հանդիսանում եւ որից էլ ստացել է 121 հազար ԱՄՆ դոլար գումար։

«Հոսթել Ինտերնեյշնըլ»-ից էլ որպես եկամուտ ստացել է 144 հազար ԱՄՆ դոլար։

Գրիգորյանի ստացած փոխառությունները կազմել են 8 հազար 700 ԱՄՆ դոլար։ Գրիգորյանը նաեւ բաժնեմասեր ունի «Հոսթել Ինթերնեյշնլ կորպրոացիա»-ում 50 տոկոս, «Ագրիլենդ Սիներջի» եւ «Գրիգորյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում էլ՝ 100-ական տոկոս բաժնեմասեր։

Համեմատության համար նշենք, որ Մարությանն ունի 23 անշարժ գույք եւ 310 մլն տարեկան եկամուտ, իսկ նույն կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը՝ 5 անշարժ գույք, սակայն 477 մլն տարեկան եկամուտ։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի տարբեր վարչական շրջանների թաղապետարանների նկատմամբ իրավապահների «հետաքրքրությունը», ըստ որոշ տեղեկությունների, նոր չէ։ Դեռեւս ամռանը՝ հունիս-հուլիս ամիսներին, իրավապահ մարմինները գործընթաց են սկսել գրեթե բոլոր վարչական շրջանների աշխատակազմերում, սակայն հայտնաբերված խախտումների մասին որոշել են լռել` հանրայնացնել ամիսներ անց, որպեսզի, ինչպես իշխանական աղբյուրներն են հայտնում, չվնասեն ՔՊ-ի վարկանիշին եւ չազդեն Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վրա:

Դիցուք, նախօրեին հայտարարեցին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Կենտրոն վարչական շրջանի պաշտոնյաների։ Մասնավորապես, Կենտրոն թաղապետարանի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանին, նույն բաժնի աշխատակից Արման Հ.-ին, ովքեր տարբեր անձանցից ստացել են շուրջ 1 մլն 700 հազար դրամ կաշառք: Նրանց ձերբակալել են տարբեր ընկերությունների կաշառքի դիմաց արտոնություններ տալու համար:

Հնարավոր է, որ այս գործի թելերը հասնեն նաեւ թաղապետին՝ Սամվել Ղուկասյանին, ով Ավինյանի մտերիմներից է։ Նոյեմբերի 2-ին բերման էին ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանը եւ մի քանի աշխատակիցներ` համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանը, կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը, որոնց հարցաքննելով՝ ազատ էին արձակել: Նրանց մեղադրում են գնումների գործընթացի խախտումների համար:

Ուշագրավ է, որ իրավապահները սեւեռվել են Տիգրան Ավինյանի ենթակայության ներքո գործող հիմնարկների վրա, իսկ իշխանության մասշտաբային «կոռուպցիոներները» նրանց տեսադաշտից դուրս են մնացել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական պաշտոնյաների շուրջ նոր գործընթաց է սկսել։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց հայտարարագրերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անհամապատասխանություններ է հայտնաբերել եւ որոշել է «հետ գնալ», վերլուծել պաշտոնյաների՝ տարբեր տարիների ընթացքում ներկայացված հայտարարագրերը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 23-ին գրել էինք, որ ՀՀ պետական պաշտոնյաները ծանուցումներ են ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

Ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրումներ էր արել պետական պաշտոնյաներին եւ պահանջել հայտնել, թե այս կամ այն բիզնեսի, գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն:

Ավելին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի, օրինակ, նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ: Արդյունքում պաշտոնյաները պատասխանել են հանձնաժողովի նամակներին, ինչպես նաեւ իրավապահներն են որոշակի տվյալներ տվել Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Հիմա էլ անճշտություններ են եղել, որից հետո հանձնաժողովը պաշտոնյաների շուրջ նոր գործընթաց է սկսել՝ ստուգելով, համեմատականներ անցկացնելով հին հայտարարագրերի հետ: