Ավտորիտար մեխանիկա

Ավտորիտար մեխանիկա

Ի՞նչ են անում ավտորիտար երկրներում:

Առաջին հերթին՝ բարդացնում, անտանելի են դարձնում ընդդիմադիրների, այլախոհների կյանքը:

Այսպիսով ավտորիտար իշխանությունները երկու խնդիր են լուծում. նախ՝ ապահովագրում են իրենց իշխանությունը հնարավոր վտանգներից և երկրորդը՝ «վախեցնում» են մյուս քաղաքացիների «աչքը»: 

«Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ևս երեք ամիս չեն կարող վարել իրենց հեղինակային հաղորդումը:

Նման որոշում երեկ կայացրել է դատարանը:

«Իմնեմնիմիի» գործն առհասարակ խայտառակություն է ու, թերևս, խելամիտ չէ ռացիոնալիզմ փնտրել քննչական մարմնի, դատախազության «պատժիչ» գործողություններում:

Միայն ավտորիտար երկրներին են բնորոշ ընդդիմադիրների նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու փորձերը, երբ բոլորի համար արդեն պարզ է, որ նրանց դեմ «թխված» քրեական գործն այլևս «փլվել» է:

Այսինքն, եթե մարդկանց անմեղությունը կամ քաղաքական հետապնդման փաստն ակնհայտ են, ռեպրեսիվ մեքենան անցնում է պլան Բ-ի՝ այնպես անել, որ գոնե պոպուլյար մեդիանախագիծը հնարավորինս տուժի:

Բայց Նարեկի և Վազգենի բախտն ակնհայտորեն բերել է, որովհետև դաշնակցական Գերասիմ Վարդանյանի կալանքը երեկ երկարաձգվել է մեկ ամսով:

Գերասիմի «մեղքն» այն է, որ նա իր համակիրներին հանրահավաքի է բերում, այդ «մեղքը», թերևս, «անշառ» կդառնա, երբ իշխանությունները համոզվեն, որ այլևս հանրահավաքներ չեն լինելու:
Այդ պարագայում՝ գուցե Գերասիմը հայտնվի ազատության մեջ...

 

Վահրամ Բագրատյան