«Mercedes»-ը բախվել է սալիկներին, ամուսիններին մեքենայից դուրս են բերել փրկարարները, նոր մանրամասներ․ Shamshyan

«Mercedes»-ը բախվել է սալիկներին, ամուսիններին մեքենայից դուրս են բերել փրկարարները, նոր մանրամասներ․ Shamshyan

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդի խոշորացված համայնքի Տափերական գյուղի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Ի.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա քարե սալիկների համար նախատեսված գովազդային ցուցանակին, առաջ ընթացել, բախվել գետնին եղած բետոնե պանելին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 
 
Ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:  

Օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները ամուսիններ են: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վեդիի բաժնի պահպնավող հատուկ տարածք: