Հայաստանի անկախության հիմքերը խարխլողները խոսում են անկախության հռչակագրից և անկախության համար մղվող պայքարից

Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի օրն է։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը, և Հայաստանը մեկ տարի անց հռչակվեց որպես անկախ պետություն:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, շնորհավորական ուղերձ հղելով Հայաստանի անկախության հռչակագրի 34-րդ տարեդսրձի առթիվ, իր խոսքում ահա այսպիսի մտքեր է արտահայտել․ «Ինչքան բարդ ու դժվարին էր Հայաստանի անկախության ձեռքբերումը, կրկնակի ավելի բարդ է դրա պահպանումը` հատկապես աշխարհում տեղի ունեցող անկանխատեսելի գործընթացների ու աշխարհաքաղաքական տարբեր վերադասավորումների ֆոնին: Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ ամենօրյա պայքարի մեջ է մեր երկրի անկախության պահպանման համար»։
Ամեն ինչ հրաշալի կլիներ Ալեն Սիմոնյանի այս ուղերձում, եթե այն չլիներ հենց Ալեն Սիմոնյանի կողմից։ Հայաստանի անկախության հիմքերը վեց տարի անընդմեջ խարխլող, մեր անկախությունն օր-օրի ավելի մեծ հարցականի տակ դնող իշխանության երկրորդ դեմքը խոսում է նրանից, որ Հայաստանն ամենօրյա պայքարի մեջ է մեր անկախության պահպանման համար։ Իհարկե, հանուն արդարության նշենք, որ Ալեն Սիմոնյանն այստեղ միատմաբար կամ գիտակցված ազնվություն է ցուցաբերել և նշել է՝ Հայաստանի Հանրապետությունն է ամենօրյա պայքարի մեջ, ոչ թե ՀՀ իշխանությունը, այսինքն՝ իրենք, թեպետ հենց իրենք են վերջին վեց տարին, ճակատագրի հեգնանքով և Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովորդին հասած դժբախտությամբ՝ ներկայացնում իրենք։ Բայց անկախության համար, իսկապես, ամենօրյա պայքար է մղվում ամբողջ հայ ժողովրդի կողմից, ու այդ պայքարը մղվում է հենց իրենց՝ Հայաստանի անկախությունը ոչնչազման եզրին հասցրած Ալեն Սիմոնյանի քաղաքական թիմի դեմ։
Ու որքան էլ ՔՊ-ական ԱԺ նախագահի և իր թիմակիցների ակնարկն այն է, որ իրենց սիրելի ռուսները և իրենց էլ ավելի սիրելի «ռուսի ագենտները» իբրև թե ուզում են Հայաստանի Հանրապետությունը զրկել անկախությունից և դարձնել, ասենք, ռուսական գուբեռնիա, միևնույն է, իրականությունը լրիվ այլ է։ Իրականությունն այն է, որ ՔՊ-ական իշխանության ի հայտ գալուց հետո ոչ միայն հենց այդ իշխանության կողմից վերջնականապես հայաթափվեց ու հանձնվեց Արցախը, որի հետ վերամիավորման գաղափարն էր ընկած Անկախության հռչակագրի հիմքում։ Հայաստանի անկախության համար «պայքարող» այս իշխանության օրոք Հայաստանը հարևան թշնամի երկրի ղեկավարի պահանջով առանց որևէ հիմքի, առանց պայքար մղելու, ընդամենը բանավոր պայմանավորվածությամբ այդ երկրին է հանձնում անկախ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ճանապարհներ, օրինակ՝ Գորիս-Կապան մայրուղին և ոչ միայն ճանապարհներ։
Այս իշխանության օրոք Հայաստանի անկախությունն այն աստիճանի թուլացավ, որ Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը ձախողվեց, որովհետև թշնամի երկրից դեմ էին, որ Հայաստանն իր իսկ սուվերեն տարածքում նման գործարանա կառուցի։ Ադրբեջանի զինված ուժերից այնքան կրակեցին, մինչև գործարանը կառուցող ընկերությունն իրերը հավաքեց ու հեռացավ տարածքից։ Այ այդքան անկախ է Հայաստանն այսօր՝ իրենց անկախության մարտիկ հռչակածների իշխանության օրոք։
Ու հիմա այս մարդիկ խոսում են Հայաստանի անկախության համար պայքար մղելուց։
Ի դեպ, Անկախության հռչակագրի տարեդարձի առթիվ այսօր ուղերձ է հղել նաև ինքը՝ Հայաստանի անկախությունը ոտնահարած, Հայաստանի համար թուրք-ադրբեջանական վիլայեթի վերածվելու հեռանկար ապահոված գերագույն գլխավոր «առաջամարտիկը»՝ Ալեն Սիմոնյանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որն իր ուղերձ կոչված բառակույտի վերջում մի հատ էլ չափածո բառակույտ է զետեղել՝ որպես հայրենիքին նվիրված ոտանավոր։ Բայց քանի որ մենք մանկապատանեկական ոճով, պարզունակ ու դպրոցական ոտանավոր հիշեցնող չափածո հիմարություններ վերլուծելու ցանկություն չունենք, դրա համար բավարարվեցինք միայն Ալեն Սիմոնյանի ուղերձով, որը համեմատաբար ավելի զուսպ էր ու չափավոր։
Վահե Մակարյան