Պատմական տարեդարձ 

Պատմական տարեդարձ 

Այսօր 88-ի համազգային շարժման 36-րդ տարեդարձն է: Այն հայ ժողովրդի քաղաքական պատմության ամենալուսավոր էջերից մեկն է, որն ուղղակիորեն կապված է Երրորդ հանրապետության հիմնադրման, արցախյան առաջին պատերազմի հաղթանակի հետ:

Համազգային շարժման մասին կարելի է անվերջ խոսել, այն քննարկել կոնկրետ ժամանակահատվածի և ավելի գլոբալ համատեքստում, սակայն այսօր ցանկանում ենք կենտրոնանալ 88-ի երեք դասերի վրա, որոնք մեթոդաբանական ուղեցույց կարող են դառնալ բոլոր այն ուժերի համար, ովքեր հավակնում են հանդես գալ պետության արդիականացման ծրագրով կամ այլընտրանք դառնալու հայտ են ներկայացնում: 

88-ի շարժման գլխավոր առանձնահատկությունը հասարակության սուբյեկտությունն է: Շարժման ղեկավարությունը բոլոր սկզբունքային որոշումները կայացրել է Ազատության հրապարակից ազդակներ ստանալով կամ նույնիսկ հենց հրապարակում ժողովրդի հետ միասին:

Հասարակության սուբյեկտությունը կանխորոշեց շարժման ժողովրդավարական բնույթը, ինչը հնարավորություն տվեց Երրորդ հանրապետության հիմքում դնել ժողովրդավարության, ազատականության գաղափարները: 

Շարժման երկրորդ առանձնահատկությունը դրա կառավարման արդյունավետ մեխանիզմն էր, ինչի շնորհիվ Խորհրդային Հայաստանում երկիշխանություն առաջացավ առնվազն 1989-ի մայիսից:

«Ղարաբաղ» կոմիտեն իրական այլընտրանք էր կոմունիստական իշխանությանը քաղաքական, արժեքային և ինստիտուցիոնալ մակարդակներում: Իրական այլընտրանքի կարևոր հատկանիշը քաղաքական հաղթանակի հասնելն է բացառապես սահմանադրական, լեգալ ճանապարհով:

Պատահական չէ, որ համազգային շարժումը կոմկուսին հաղթեց Գերագույն խորհրդի 1990թ-ի մայիսի ընտրություններում խորհրդային օրենսդրության և ընտրական համակարգի տառին և ոգուն համապատասխան: Դա մեծապես լեգիտիմացրեց ՀՀՇ-ի հաղթանակը անգամ Մոսկվայի աչքերում:

Եվ վերջապես 88-ը ցույց տվեց, որ քաղաքական գործընթացը հաջողության է հասնում, երբ ձևավորում է համաշխարհային համատեքստին համահունչ քաղաքական օրակարգ:

«Ղարաբաղ» կոմիտեին, այնուհետև ՀՀՇ-ին հաջողվեց հաղթահարել ազգային էգոիզմը և համազգային շարժումը դիտարկել ԽՍՀՄ ժողովրդավարական շարժման, արևելաեվրոպական երկրների դեմոկրատիզացիայի համատեքստում: Պատահական չէ, որ համազգային շարժումը վայելում էր միջազգային հուժկու աջակցություն, միևնույն ժամանակ որպես արտաքին քաղաքականության կոնցեպտ առաջարկելով «երրորդ ուժի բացառման» սկզբունքը: Այս երեք կարևոր սկզբունքները 88-ի շարժումը բացառիկ դարձրեցին ոչ միայն մեր ժողովրդի պատմության, այլ ԽՍՀՄ ժողովրդավարական շարժման մեջ:

Վահրամ Բագրատյան