Ինչո՞ւ հանրության ուշադրությունից դուրս մղվեց Ռուբինյան-Քըլըչ երկրորդ հանդիպումը

Ինչո՞ւ հանրության ուշադրությունից դուրս մղվեց Ռուբինյան-Քըլըչ երկրորդ հանդիպումը

Փետրվարի 24-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և թուրք դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:

Եթե նախորդ հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում, ապա այս անգամ կողմերը պետք է հստակ օրակարգի շուրջ բանակցեին։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ իր փետրվարի 2-ի ասուլիսում նշել էր, որ ճանաչողական այցից հետո հստակ օրակարգային հարցեր են քննարկվելու։

Սակայն, ինչպես պարզ դարձավ բանագնացների հանդիպումից հետո հրապարակված տեքստից, հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում: Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների:

Լղոզված և առանց որևէ հստակ միտք պարունակող այս տեքստից այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ ու ինչու է բանակցվել, ինչ պայմաններ են առաջ քաշել կողմերը, արդյոք կա կոնկրետ ճանապարհային քարտեզ, որով պետք է շարժվել։

Փաստորեն, ՀՀ քաղաքացիները՝ եղած կամ սպասվելիք հանդիպումների մասին տեղեկատվություն ստանալու հնարավորությունից ամբողջապես զրկված են լինելու, և միայն հնարավորություն են ունենալու ծանոթանալ ոչինչ չասող տեքստերին։ Այս դեպքում, շատ հավանական է, որ հաջորդ հանդիպումների մասին որևէ տեղեկատվություն անգամ չլինի ու ոչ մի բառով չխոսվի, թե ինչ է լինելու, իսկ վերջում քաղաքացիները պարզապես տեղեկացվելու են՝ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ելքի, եղած նախապայմանների ու պարտավորությունների մասին։

Ի դեպ, այս ամենը, կարծեք թե, հակասում է Փաշինյանի՝ բաց, ժողովրդավար ու թափանցիկ քաղաքականություն վարելու մասին հնչեցված բոլոր խոստումներին։

Նշենք, որ Ռուբինյան-ճՔըլչը հաջորդ հանդիպման անցկացման մանրամասների վերաբերյալ դեռևս որևէ տեղեկատվություն չկա։

Նարե Գևորգյան