Թշնամին Լաչինն է փակում, պետնախարարը՝ ՀԿ-ների մասին հարցում անում

Թշնամին Լաչինի միջանցքում վրաններ է տեղակայել, ինչն Արցախում ոչ միանշանակ է ընդունվել։ Այս պահին արցխացիներից շատերը շտապում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ շտապ հավաքի։
Ըստ MediaHub.am-ի տեղեկությունների՝ նրանք այնտեղից փորձելու են շարժվել դեպի այն հատված, որտեղ ադրբեջանցիներն այսօր վրաններ են տեղակայել։ «Առաջ Արցախ» ՀԿ ղեկավար Արթուր Հայրապետյանը, ով նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության արցախյան թևի ներկայացուցիչն է, MediaHub.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքացիներն էլ չգիտեն՝ ում դիմել, ինչ անել, հավաքվում են, իրենց ձայնը հնչեցնում, բայց ականջալուր լինող չկա։
«Ադրբեջանցի «բնապահպանները» ճանապարհը փակել են, թեև մենք լավ գիտենք, որ նրանց մեջ քաղաքացիական համազգեստով զինվորականներ կան, ու հիմա չգիտենք՝ ի՞նչ է լինելու։ Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ ձեռքերը լվանում է, Արցախի նախագահն անգամ Ստեփանակերտում չէ այս պահին, ռուսական կողմն էլ ի զորու չէ ադրբեջանցիներին հեռացնել։ Արցախցին էլ արդեն հոգնել է, չգիտի՝ ում դիմել, ինչի սպասել։ Երեք տարի է՝ այս վիճակն է, արդեն չգիտենք ինչ անել։ Մնում է հանրահավանքների մասնակցելն ու մեր ձայնը լսելի դարձնելը»,- ասաց Հայրապետյանը։
Նրա դիտարկմամբ՝ մարդիկ հոգնել են ճառերից, գեղեցիկ խոսքերից։ «Փաշինյանն էլ էր ասում՝ Արցախը Հայաստան է և վերջ, ո՞ւ։ Հիմա էլ բոլորը միայն ճառեր են հնչեցնում։ Թշնամին ճանապարհ է փակել, պետնախարարն այստեղ հարցումներ է անցկացնում, թե որ ՀԿ-ներն են ավելի հայտնի Արցախում։ Այսինքն՝ արտաքին ճակատում թշնամին է սադրում, ներքին դաշտում էլ՝ մեր միջից է պառակտում լինում»,- նշեց նա։
Այս պահին էլ մարդիկ որոշել են հավաքվել, բայց պետական որևէ ծրագիր չկա, որևէ պաշտոնյա չկա, ոչ մի «փրկիչ» ձայն չի հանում։
«Բայց գիշերվա ամենամութ հատածը լուսաբացից առաջ է, սա էլ ենք հաղթահարելու, միայն թե իշխանության պիտի գան իսկական հայեր, որոնք հասկանում են, որ առանց Արցախ չկա Հայաստան։ Դա լինելու է, հիմա զտման փուլ է, մեր միջի տականքին պետք է ճանաչենք ու հեռացնենք»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։
MediaHub-ը հիշեցնում է, որ այսօր առավոտվանից փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:
Նարե Գնունի