Արդյո՞ք իրական է «Վերադարձը»

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում երեկ տեղի է ունեցել Արցախի հարցով փակ քննարկում, որին մասնակցել են նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ու Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ։
Բնականաբար, չենք կարող ստույգ իմանալ, թե ինչ է քննարկվել փակ դռների հետևում և ստիպված ենք հղում անել հավաքի կազամակերպիչ՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին, ով քննարկումներից հետո զրուցել է լրագրողների հետ:
Նա խոսել է Արցախի պետականության մասին ու նկատել է. «Գլոբալ առումով պետականությունն ունի երկու կոմպոնենտ, մեկը՝ հողն է, մյուսը՝ ժողովուրդը: Այս պահին օկուպացված է Արցախը, բայց Արցախի մեր հայրենակիցները կան, և Հայաստանի Հանրապետությունում համայնքը գոյություն ունի, այստեղ է նաև իրենց կողմից լեգիտիմ ընտրված իշխանությունը, և եթե մենք իրականում ուզում ենք պահպանել հավակնությունները և մեր իրավունքները Արցախի նկատմամբ, մենք այս երկրորդ կոմպոնենտը անպայմանորեն պետք է կարողանանք պահպանել, որովհետև Արցախի մեր հայրենակիցների հավաքական շահերի ներկայացնողը և նրանց հավակնությունների ամրագրողը ոչ միայն ներքին մակարդակում, այլ նաև արտաքին, դա այն իշխանությունն է, իրավական այն ֆորմատը, սահմանադրական այն կարգն է, որը կա»:
Ամեն ինչ գեղեցիկ ու ճիշտ է ասված, ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ տեսական դատողությունները ոչ միշտ են դառնում իրականություն:
Նախ, հայոց պատմության մեջ, կարծես, գոյություն չունի նախադեպ, երբ դատարկված հայոց աշխարհը հետո դարձյալ վերաբնակեցվում է:
Երկրորդը, այսօրվա համաշխարհային տուրբուլենտության պայմաններում գրեթե անհավատալի է, որ որևէ չաշխատող միջազգային երաշխիք կարող է արցախցիներն վերադարձնել իրենց տները, մանավանդ, որ հայատյացությունը Ադրբեջանում բարձրացված է պետական մակարդակի վրա, իսկ Հայաստանը տեսանելի ապագայում հնարավորություն չունի պաշտպանել Արցախի մեր հայրենակիցներ իրավունքները:
Մեծ հաշվով՝ Արցախի հայաթափությունը հնարավոր է դարձել միջազգային լռելյայն կոնսենսուսի պայմաններում, իսկ եթե Արցախում չեն ապրում հայեր, հայոց այդ աշխարհի հայկականության, առավել ևս պետականության հեռանկարի մասին խոսակցություններն ամեն ինչի մասին են, բայց ոչ՝ իրական քաղաքականության:
Վահրամ Բագրատյան