Քաղաքացիները դժգոհ են` փորձաքննությունները ձգձգվում են, տնօրենը պնդում է՝ չկա խնդիր, փողն էր պակասել՝ տվել են
![Քաղաքացիները դժգոհ են` փորձաքննությունները ձգձգվում են, տնօրենը պնդում է՝ չկա խնդիր, փողն էր պակասել՝ տվել են](https://www.mediahub.am/uploads/images/2024/12/image_750x_675aea2c01da0.jpg)
Հայաստանում, եթե քաղաքացին հայտնվում է որևէ վթարի մեջ, և իր մեքենան պետք է փորձաքննության ենթարկվի, որ քննիչները կարողանան նախաձեռնած վարույթը ավարտին հասցնել և մեքենան հետ վերադարձնել, դա կարող է տևել ամիսներ։ Պատճառը արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքի մեջ է, որն այնքան դանդաղ է կատարում փորձաքննությունները, որ մարդիկ ամիսներով սպասում են, որ որևէ պատասխան ստանան։
MediaHub-ն այս ընթացքում ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ ՊՈԱԿ-ն ուշացնում է իրենց փորձաքննությունների պատասխանները, և դա պատճառաբանել են նրանով, որ կառավարությունը գումար է պարտք ՊՈԱԿ-ին, և դրա պատճառով է, որ ձգձգվում են փորձաքննությունները։
«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, թե համաձայն չէ, որ փորձաքննությունների պատասխաններն ուշանում են՝ նշելով, որ օրենքով սահմանված հստակ ժամկետ գոյություն ունի։
«Մենք մեր ներքին կարգերն ունենք, որով ունենք ֆիքսած ժամկետներ, այն է՝ քրեական վարույթի դեպքում երեք ամիս է, իսկ քաղաքացիական վարույթի դեպքում՝ միջինում վեց ամիս։ Բայց դրա մեջ են մտնում այն հանգամանքները, երբ կասեցվում է փորձաքննությունը, որովհետև միջնորդություն է գրվում, և մինչև չի բավարարվում, չի վերսկսվում փորձաքննությունը»,- ասաց Դավիթ Ղուլյանը։
-Մենք դեպքեր գիտենք, երբ քաղաքացին դիմում է քննիչին, թե ի՞նչ եղավ իր գործը, և քննիչն ուղղորդում է դեպի Փորձագիտական կենտրոն, որովհետև դուք ուշացրել եք պատասխանը։
-Դուք, որ կոնկրետ դեպքով նշեք, կասեմ, ես միայն կարող եմ ասել, որ մեզ մոտ ժամկետների հետ կապված խնդիր չկա։
-Իսկ դուք տեխնիկական, ֆինանսական կամ այլ բնույթի պատճառ ունե՞ք, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ ձեր գործունեության արագ և արդյունավետ աշխատանքի համար։
-Տեսեք, մենք խնդիր ոչ թե ունենք, այլ հետևյալն է․ մեր կենտրոնը ծառայությունների մատուցման պայմանագրով է իրականացնում փորձաքննությունները, որտեղ ֆիքսվում է գումար։ Այդ գումարը, երբ ավարտվում է, արդեն գործում է նոր կարգավորում՝ նոր ֆինանսական միջոցների հատկացում, նոր պայմանագիր կամ լրացուցիչ համաձայնագիր։ Մեզ մոտ էդպիսի դեպքեր հաճախ չեն լինում, ուղղակի էս տարի ունեցել ենք էդ խնդիրը, որ պայմանագրային պարտավորությունն ավարտել ենք և դիմել ենք լրացուցիչ ֆինանսավորման, դա պրոցեսի խնդիր էր, էդ ժամանակ եղել է մի պահ, որ եզրակացությունները չենք տվել, բայց դա մի պահ է եղել, որ լուծվել և անցել է։ Դա անցած ամսվա մասին է խոսքը՝ հոկտեմբեր-նոյեմբերին է եղել։
-Իսկ դեպքեր եղե՞լ են, որ քաղաքացիներն ուղիղ գան ձեզ դիմեն՝ ասելով, որ փորձաքննության եզրակացության ձգձգման պատճառով իրենց մեքենան ամիսներով կանգնած է հատուկ պահպանվող տարածքում, և չեն վերադարձնում։
-Մենք ունեցել ենք քաղաքացիներից բողոքներ, որի պատասխանը գրավոր տվել ենք։
-Իսկ որքա՞ն է այս տարի կազմել ձեր բյուջեն, և որքա՞ն լրացուցիչ գումար եք պահանջել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
-Տեսեք, կառավարությունը բյուջեի մասին օրենքով հաստատում է փորձաքննությունների համար գումար, և այդ գումարի շրջանակներում արդարադատության նախարարությունը մեր կենտրոնի հետ կնքում է պայմանագիր, որի դիմաց մենք պետք է ծառայություն մատուցենք։ 2024 թվականի գումարը կազմել է 866 մլն դրամ, լրացուցիչ 100 մլն ֆինանսավորվել է։
-Սրանից կարելի՞ է ենթադրել, որ 2025 թվականին ավելի մեծ գումար է հատկացվելու։
-2025 թվականի գումարը կազմում է 606 մլն դրամի չափ։
-Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե 2024 թվականին հատկացված 866 մլն դրամը չի հերիքել ձեզ, և լրացուցիչ գումար եք ուզել վերջին մեկ-երկու ամսվա համար, ինչո՞ւ է եկող տարվա համար 260 մլն դրամով պակաս գումար հատկացվել ձեր կենտրոնին։
-Այստեղ շատ կարևոր է, թե գործերի մուտքերը որքան կլինի։ Այսինքն՝ դու չես կարող ասել, որ եթե 2024 թվականին գործերը շատ են եղել, ուրեմն 2025 թվականին էլ շատ կլինեն։
-Հիմա, ըստ Ձեզ, այդ 606 մլն դրամը կբավարարի՞ եկող տարվա համար։
-Չի բավարարի՝ կդիմենք լրացուցիչ ֆինասնավորման։
-Իսկ մարդկային ռեսուրսի, մասնագետների և տեխնիկական միջոցների խնդիր ունե՞ք, թե՞ ոչ։
-Բացարձակ խնդիր չունենք, ամեն ինչով հագեցած ենք։
Վահե Մակարյան