Փաշինյանն՝ աշխարհագրական դեգերումների մեջ

Եվրախորհրդի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է, որ մայիսի 14-ին Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
«Նրանց քննարկումները կուղեկցվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումով՝ 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:
Ղեկավարները նաև պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բրյուսելում և Վաշինգտոնում չեն հերքում, որ սա, ըստ էության, բանակցությունների վաշինգտոնյան ռաունդի շարունակությունն է: Արևմուտքն ակնհայտորեն փորձում է իր ձեռքը պահել բանակցային գործընթացը՝ ստվերում թողնելով Ռուսաստանին:
Միաժամանակ, Հայաստանի ԱԳՆ-ից երեկ հաստատել են, որ եռակողմ ձևաչափով հանդիպում սպասվում է նաև Մոսկվայում:
Այս համատեքստում հետաքրքիր էր Նիկոլ Փաշինյանի երեկվա այցը Մոսկվա: Նա Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:
Վատն այն է, որ կարծես ռուս- հայկական բարձր մակարդակի բանակցություններ տեղի չեն ունեցել, ինչը նշանակում է, որ Մոսկվայում և Երևանում առայժմ գտնված չեն երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարելու բանաձևեր:
Վահրամ Բագրատյան