Արցախի ուրացման քաղաքականությունը շարունակվում է

Վաշինգտոնում բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, երեկ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ անակնկալներ այնտեղ չկան։ Որևէ դետալ, սակայն, Փաշինյանը չի հրապարակել՝ ընդդիմադիրներին կրկին առաջարկելով Արտգործնախարարությունում ծանոթանալ փաստաթղթին։
Վարչապետը հրաժարվել է ասել՝ արդյո՞ք առաջիկայում արդեն նախատեսվում է փաստաթղթի կամ որևէ հայտարարության ստորագրում, թե տեսակետները դեռ հեռու են։
Այնուամենայնիվ, Փաշինյանը սկզբունքային մի խնդրի շուրջ դարձյալ վերահաստատել է իր դիրքորոշումը:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՀՀ-ն, այս ամբիոնից մի շաբաթ առաջ ես դա հայտարարել եմ, պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլև չի ունենալու, և սա է այն միակ սկզբունքը, որը մեզ շանս կտա պետություն ունենալ, հակառակ դեպքում՝ ասում եմ՝ եկեք նայենք, չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք չլինենք, որպես պետություն չլինենք, և անում են», - ասել է նա։
Խնդիրն այն չէ, որ 44-օրյա պատերազմից հետո որևէ բանական մարդ հավատում է ԼՂ անկախության կամ Հայաստանի հետ միացման օրակարգերին: Դրանք, Նիկոլ Փաշինյանի «փայլուն» քաղաքականության հետևանքով, մնացել են 44-օրա պատերազմի փլատակների տակ:
Հարցն այն է, որ չի կարելի շարունակ պնդել Ադրբեջանի տարածքային ամբողջականության թեզն՝ առանց փաստաթղթային երաշխիքներ ստանալու ԼՂ սուբեկտության, նրա ժողովրդի անվտանգության համար:
Սա մի ճանապարհ է, որ տանում է Արցախի ժողովրդի «ինտեգրման» ունիտար Ադրբեջանին, կամ, որ նույնն է՝ հայաթափության:
Հայաստանը չի կարող երաշխավորված անվտանգության հասնել՝ Արցախի ուրացման ճանապարհով:
Վահրամ Բագրատյան