Ինչո՞ւ հեռացրին գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին

Արդեն հայտնել ենք, որ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ազատվել է պաշտոնից։ Պաշտոնական հիմնավորում, թե ինչու են Ավետիսյանին հեռացնում ՊՆ շարքերից, չկա։
MediaHub.am-ի տեղեկություններով, Ավետիսյանն այսօր է իմացել, որ աշխատանքից ազատված է, նախարարը նման հրամանագիր է ստորագրել։ Առավոտյան, երբ չի գնացել աշխատանքի, ի դեպ, Ավետիսյանը հիմնականում Եռաբլուր զինվորական պանթեոնում է լինում, գործընկերներն անհանգստացած զանգել են իրեն, ինքն էլ պատասխանել է, թե իրեն գործից հանում են, գնում է ՊՆ։
Մինչ այս պահը, մեր աղբյուրի փոխանցմամբ, Ավետիսյանը խնդիրներ չի ունեցել Պապիկյանի հետ: Ճիշտ է, հաճախ է պանթեոնում կատարվող աշխատանքների հետ կապված «թուք ու մուր» կերել է, բայց լուրջ տարաձայնություններ չեն եղել։
«Բայց դե մի հարցազրույցը, փաստորեն, հիմք դարձավ»,- նշեց մեր աղբյուրը՝ նշելով, որ
Ավետիսյանը զոհված զինծառայողների թիվ է հրապարակել, երբ տեղեկացրել է, որ 80 զինծառայողի մարմին կա, որ ԴՆԹ-ով նույնականացված է, սակայն ծնողը հրաժարվում է հուղարկավորել, ուստի իրենք պատրաստ են տղաների մասունքները Եռաբլուրում ամփոփել, շիրմաքարեր տեղադրել։ Ըստ մեր զրուցակցի, սա Ավետիսյանի հիմնական «ЧП»-ն էր։
«Թիվ հանրայնացնելը դարձավ ճակատագրական: Գեներալին էդ պատճառով աշխատանքից ազատեցին»,- ասաց մեր զրուցակիցը։
Այս պահին արդեն հանձնման-ընդունման աշխատանքներ են իրականացվում, Ավետիսյանի աշխատասենյակում գրանցումներ են իրականացվում, գույքագրումներ արվում։ Մեր աղբյուրը նշում է՝ լուրեր են շրջանառվում նաև, որ խնդիր է դրված նախկինների հետ աշխատած կադրերին հեռացնելու, ու Ավետիսյանի վերջին հայտարարությունը լավ առիթ էր նրան հեռացնելու համար։
Նշենք նաև, որ ըստ մեր տեղեկությունների, Վարդան Ավետիսյանը իշխանության «աչքի փուշն» է դարձել նաև այն պատճառով, որ Փաշինյանին դեմ արտահայտվող սևազգեստ ծնողների հետ լավ հարաբերությունների մեջ է, ու կուլիսային որոշ խոսակցություններում պաշտպանել է այդ ծնողներին։
Նարե Գնունի