Շվեդիայից թուրանական պետություն՝ մեկ քայլ. Թուրքիայի երազանքը միս ու արյուն կստանա՞

Վերջին տարիներին ամենից քննարկված թեմաներից մեկը Շվեդիայի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին: Ինչպես հայտնի է, Էրդողանը ի սկզբանե դեմ էր արտահայտվել դրան, և ինչպես պարզ դարձավ՝ սեփական ամբիցիաները, քաղաքական նկրտումները կյանքի կոչելու համար:
Թուրքիայի խորհրդարանը երեկ գիշեր վերջապես վավերացրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։ Ի՞նչ է դա տալիս Թուրքիային և արդյո՞ք Թուրքիան մեծացրեց իր քաղաքական կշիռը ալյանսում ու Արևմուտքում առհասարակ և ինչ գնով․ այս մասին MediaHub-ը զրուցեց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ։
Նախևառաջ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս սա կանդրադառնա Հայաստանի վրա: «Թուրքիան ստացավ իր ուզածը, ու թեև Հայաստանի հետ կապված ուղղակի հետևանքներ չի ունենա, սակայն անուղղակի հետևանքներ կլինեն, իհարկե, եթե այս գործը ավելի շատ զարգանա»,- ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով` Շվեդիայի անդամակցության հետ կապված Թուրքիան փորձեց ինչ-որ բան ձեռք բերել, առավելագույնն էր ուզում՝ իր երկրից բոլոր փախած քուրդ գործիչների, ակտիվիստների մասով, և Շվեդիան խոստացավ օրենքները փոխել, չնայած, որ տարիներ շարունակ ապաստան է տվել այդ մարդկանց և չի հանձնել Թուրքիային: «Եվրոպական երկրներից Շվեդիան այն երկիրն էր, որ ոչ մի դեպքում չէր հանձնում որևէ մեկին Թուրքիային»,- հիշեցրեց Լոքմագյոզյանը։
Ըստ թուրքագետի` ՆԱՏՕ-ի անդամակցությունը Շվեդիային այն ծրագրի շարունակությունն է, որը Արևմուտքը առաջ է տանում արդեն քանի տարի է՝ ՆԱՏՕ-ն ընդլայնել ու մոտեցնել Ռուսաստաի սահմաններին։ Բնականաբար, անուղղակի ազդեցություն այս գործընթացը կունենա նաև Հայաստանի վրա:
Այդպես, նախօրեին ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբն էր հանդես եկել հայտարարությամբ, որում մտահոգություն էր հայտնել, որ Կանադան կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանված՝ ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոն։
«Ո՛չ Կանադան, ո՛չ էլ մյուսները զենքի վաճառքի արգելքներին շատ հետևող չեն։ ԱՄՆ-ն այդպիսի որոշում ունի՝ Ադրբեջանին զենք չմատակարելու, բայց Միացյալ Նահանգների նախագահները օրենքը առկախում են և դրանով ազատականացնում լեգիտիմ վաճառքը Ադրբեջանին»,- մատնացույց արեց Լոքմագյոզյանը։
Եվս մեկ մտահոգություն. թուրքական հեռուստատեսությունը ցուցադրել է Թուրքիայի 2025 թ.-ի քարտեզը, որը ներառում է Իրաքի կեսը և Սիրիայի մեծ մասը, նաև Հայաստանը, Կիպրոսը:
Այսինքն՝ ինչպես միշտ, Թուրքիան չի թաքցնում իր տարածքային նկրտումները: Լոքմագյոզյանն այս կապակցությամբ նշեց․ «100 տարվա մշակված ծրագիր է, այսօր թուրանական ծրագիրը համընկնում է Արևմուտքի ծրագրի հետ և հիմնականում այն առաջ տանողը Արևմուտքն է, ոչ թե Թուրքիան։ 100 տարի առաջ ադրբեջանցիները պատրաստ էին միանալ Թուրքիայի հետ, և այժմ կամաց-կամաց իրականանում է այդ։ Սրա դեմ է միայն արևելյան բլոկը՝ արևմտյան բլոկի դեմ, որն այդքան էլ միասնական չէ»։
Մեր զրուցակիցը եզրափակեց՝ թե՛ 100 տարի առաջ, թե՛ հիմա Ադրբեջանը պատրաստ է ձուլվել Թուրքիայի կազմի մեջ։ Եթե թուրանը կազմվի, լինելու է մեծ թուրանական պետություն, միասնական պետություն և դա չի լինի ԽՍՀՄ-ի նման, այլ ավելի շատ նման կլինի ԱՄՆ-ին։
Մարիաննա Արամյան